Անցյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության արտաքին պետական պարտքը կազմել է 3 մլրդ 899.1 մլն ԱՄՆ դոլար կամ ՀՆԱ-ի 37.1%-ը' 2012 թվականի 3 միլիարդ 739.1 մլն ԱՄՆ դոլարի և 37.7%-ի դիմաց: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2013թ. պետական բյուջեի կատարողականի հաշվետվության ներկայացման ընթացքում տեղեկացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը: «Պարտքի հիմնական մասը' 3 միլիարդ 390.8 մլն ԱՄՆ դոլարը, ՀՀ կառավարության պարտավորություններն են, 508.3 մլն ԱՄՆ դոլարը' Կենտրոնական բանկի վարկային պարտավորությունները,- ասաց Ջանջուղազյանը:

 

Հաշվետու տարում ՀՀ արտաքին պետական պարտքի սպասարկումը կազմել է 861.3 մլն ԱՄՆ դոլար, որից 665.9 մլն ԱՄՆ դոլարը' կառավարության և 195.3 մլն դոլարը' ԿԲ պարտավորությունների գծով: Արտահանման նկատմամբ արտաքին պետական պարտքի սպասարկման հարաբերակցությունը կազմել է 30.8%' նախորդ տարվա 9.4%-ի դիմաց, իսկ պետական բյուջեի եկամուտների նկատմամբ' 32.9%' նախորդ տարվա 10.2%-ի դիմաց:

 

2013 թվականին ՀՀ արտաքին պետական պարտքի սպասարկման պետական բյուջեի եկամուտների ցուցանիշների աննախադեպ աճը պայմանավորված է ռուսական 500 մլն ԱՄՆ դոլար վարկի վաղաժամկետ մարումով: «Եթե չեզոքացնենք այդ գործոնի ազդեցությունը, ապա այդ ցուցանիշները կկազմեն համապատասխանաբար 14.5% և 15.5%»,- ասաց Ջանջուղազյանը:

 

Ազգային ժողովը քննարկում է ՀՀ 2013թ. պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը: Ավելի վաղ 2013թ. պետբյուջեի կատարողականի նախագիծը քննարկվել էր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, իսկ այնուհետև բոլոր հանձնաժողովներում առանձին-առանձին: