ՀՀ պետական բյուջեի ծախսերը 2017 թվականի հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 4.1%‑ով կամ 16.9 մլրդ դրամով՝ հիմնականում պայմանավորված ընթացիկ ծախսերի նվազմամբ: Ինչպես տեղեկացնում ենք ՀՀ ֆինանսների նախարարության բյուջեի ամսական հաշվետվության տվյալները, ընթացիկ ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 375.5 մլրդ դրամ`60.2%-ով ապահովելով կիսամյակային ծրագրի կատարումը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դրանք նվազել են 3.6%-ով կամ 14.1մլրդ դրամով՝ հիմնականում պայմանավորված ծառայությունների և ապրանքների ձեռքբերման,պարտքի սպասարկման ծախսերի ու սուբսիդիաների նվազմամբ:
Ընթացիկ ծախսերից 39.7 մլրդ դրամ տրամադրվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրությանը, որը կազմել է կիսամյակային ծրագրի 61.5%‑ը և 2.7%-ով (1 մլրդ դրամով) գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը:
Ծառայությունների և ապրանքների ձեռքբերման նպատակով 2017 թվականի հունվար‑ապրիլին ՀՀ պետական բյուջեից օգտագործվել է 35.3 մլրդ դրամ, որը կազմել է կիսամյակային ծրագրի 50.8%‑ը և 17.1%-ով զիջել նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը` հիմնականում պայմանավորված նյութերի ձեռք բերման և շարունակական ծախսերի նվազմամբ: