Ադրբեջանի պետական նավթային ընկերությունից (SOCAR) պետական բյուջե կատարվող հատկացումները մեկ երրորդով պակասել են:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով SOCAR-ին:

 

 

Ընկերության տվյալներով՝ 2014 թվականի հունվարին պետբյուջե ընկերության հատկացումները կազմել են 173,578 մլն մանաթ, իսկ այս տարվա հունվարին այդ հատկացման ծավալը 31,7 տոկոսով կրճատվել է: Անցյալ տարվա համեմատ, հունվարին 11,6 տոկոսով կրճատվել են նաև պարտադիր սոցիալական ապահովագրության համար Սոցիալական պաշտպանության պետական հիմնադրամին SOCAR-ի կողմից կատարվող վճարումները:

 

 

Նշվում է, որ դա կապված է նավթի համաշխարհային գների անկման հետ:

2014 թվականին պետբյուջե SOCAR-ի հարկային մուտքերը կազմել են 1,855 մլրդ մանաթ:

 

 

SOCAR-ը և Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը հանդիսանում են Ադրբեջանի պետբյուջեի հիմնական ապահովողները: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերթքները, իսկ երկրի պետբյուջեն 87 տոկոսով ձևավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:

 

 

Ադրբեջանի 1915 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 90 դոլար: Ներկայում այն արդեն պետբյուջեում նախատեսվածից մոտ 40 դոլարով ցածր է: