Ադրբեջանի Կենտրոնական բանկի արտարժութային պահուստներն ազգային արժույթի' մանաթի, 34 տոկոսով արժեզրկման պատճառով վերջին երեք ամսում 27 տոկոսով նվազել են:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական faktxeber.com լրատվական կայքը, հայտնել է ադրբեջանցի տնտեսագետ Սամիր Ալիեւը:

 

Նրա խոսքով' Ադրբեջանի ԿԲ արտարժությի պաշտոնական պահուստն արդեն 7 ամիս է' նվազման միտում է դրսեւորում: Անցյալ տարվա հուլիսին պահուստի ծավալը եղել է ամենամեծը' 15,2 մլրդ դոլար: Հետագա ամիսներին համաշխարհային շուկայում նավթի էժանացման պայմաններում մանաթի կայունությունը պահպանելու համար Ադրբեջանի ԿԲ-ն ներդրել է իր պահուստի 27 տոկոսը: «Դեկտեմբեր-փետրվարին Ադրբեջանի ԿԲ պահուստների նվազումը կազմել է 4 մլրդ դոլար», -նշել է նա:

 

Փորձագետի կարծիքով' անցյալ տարվա կեսերին եղածի համեմատ նավթի գների գրեթե երկու անգամ նվազած մակարդակի պահպանման դեպքում, առաջիկայում մանաթը շարունակելու է էժանանալ:

 

Ադրբեջանական մանաթի փոխարժեքը դոլարի եւ եվրոյի նկատմամբ մարտի 5-ին գտնվել է, համապատասխանաբար, 1,0501 եւ 1,1906 մակարդակի վրա, այն դեպքում, երբ ընթացիկ տարվա հունվարի սկզբին մեկ ԱՄՆ դոլարն արժեր 0,780 մանաթ:

 

Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերթքները, իսկ երկրի պետբյուջեն 87 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:

 

Ադրբեջանի 2015 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 90 դոլար: Ներկայում այն արդեն պետբյուջեում նախատեսվածից մոտ 40 դոլարով ցածր է: