Ադրբեջանի կենտրոնական բանկի պաշտոնական արտարժույթի պահուստները 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, 4,2 մլրդ դոլարով կամ 50 տոկոսով պակասել է:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է azadlig.info լրատվական կայքը:
2016 թվականի հունվարի 1-ի համեմատ, այս տարվա մայիսի 1-ի դրությամբ Ադրբեջանի ԿԲ-ի արտարժույթի պահուստը նվազել է 896,1 մլն դոլարով կամ 17,9 տոկոսով: Ներկայում այն չի գերազանցում 4,12 մլրդ դոլարը:
Ադրբեջանում նավթի համաշխարհային գների անկման հետ կապված ստեղծված տնտեսական ճգնաժամի պատճառով բանկերին պարտք 2,6 մլն քաղաքացիների մեկ հինգերորդից ավելին ի վիճակի չեն վերադարձնել վերցրած վարկերը:
Fins.az լրատվական կայքն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանը արգելել է վարկային պարտավորությունների հետ կապված երկրից դուրս գալ 115 իրավաբանական եւ 216 ֆիզիկական անձանց:
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն' անցյալ տարվանից նավթի համաշխարհային գների արագորեն նվազման, ադրբեջանական ազգային արժույթի' մանաթի փոխարեժքը 100 տոկոսով ընկնելու հետեւանքով հիմնականում նավթարդյունաբերությունից կախված Ադրբեջանում փակվել են մեծ թվով պետական եւ մասնավոր ձեռնարկություններ եւ հաստատություններ, ինչի հետեւանքով վերացվել են հարյուր հազարավոր աշխատատեղեր:
Marja.az լրատվական կայքն ավելի վաղ հայտնել էր, որ 2016 թվականի հունվար-փետրվարին Ադրբեջանի ՀՆԱ-ն 40 տոկոսով նվազել է, Ադրբեջանի արտաքին առեւտրաշրջանառությունը մոտ կիսով չափ կրճատվել է, Ադրբեջանի տնտեսությունն սկսել է արագորեն անկում ապրել, վարկային փոխառուների թիվը հասել է 2,6 մլն մարդու:
Դա նշանակում է, որ Ադրբեջանի բնակչության յուրաքանչյուր երեքից մեկը պարտք է բանկերին, եւ խորը տնտեսական ճգնաժամում հայտնված Ադրբեջանում չի բացառվում, որ շուտով բնակչության մեկ երրորդին կարգելվի դուրս գալ երկրից:
Միջազգային Fitch Ratings եւ Standart & Poor's վարկանիշային գործակալությունները Ադրբեջանի երկարաժամկետ վարկանիշը արտասահմանյան եւ ազգային արտարժույթներով «BBB-» սուվերեն մակարդակից իջեցրել է մինչեւ «BB+» «աղբային» մակարդակի:
Ադրբեջանի վարկային վարկանիշը փետրվարի սկզբին մեկ մակարդակով' ներդրումայինից ցածր' «Ba1» մակարդակի իջեցրել է նաեւ Mood's վարկանիշային գործակալությունը: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ Ադրբեջանն այսուհետ միջազգային վարկեր կարող է ներգրավել միայն ավելի բարձր տոկոսներով:
Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին: