Եթե առաջիկա մեկ եւ կես տարվա ընթացքում նավթի գները լինեն մեկ բարելի դիմաց 50-55 դոլար մակարդակի վրա, ապա Ադրբեջանի փողերը 2017 թվականի շեմին ամբողջությամբ կվերջանան:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հայտարարություն է արել ադրբեջանցի տնտեսագետ, «Հանրապետական այլընտրանք» քաղաքացիական շարժման (REAL) գործադիր քարտուղար Նաթիգ Ջաֆարլըն minval.az կայքին տված հարցազրույցում:

 

Հարցազրույցում Ջաֆարլըն անդրադարձել է Անդրանատոլիական գազատարից (TANAP) Ադրբեջանի համար ակնկալվող եկամուտների, TANAP-ում ունեցած բաժնետոմսերը վաճառելու մասին Թուրքիայի որոշման հետ կապված հարցերին:

 

Նրա խոսքով' TANAP-ը կարող է դառնալ կամ ոչ շահութաբեր նախագիծ, կամ էլ նրա շահութաբերությունը կարող է ձգվել երկար տարիներ: Թուրքիայում լավ են հասկանում, որ ինչպես TANAP-ը, այնպես էլ Անդրադրիատիկ գազատար խողովակաշարի նախագիծը (TAP), որոնք խիստ կարեւոր են Ադրբեջանի եւ Թուրքիայի համար, այնքան էլ իմաստալից չեն Եվրոպայի համար, քանի որ այդ գազատարերով փոխադրվելիք գազի ծավալները կազմելու են տարեկան ընդամենը 10 մլրդ խմ: Իսկ Ադրբեջանը, ունենալով 58 տոկոս մասնաբաժին TANAP-ում, ստիպված կլինի մոտ 7 մլրդ դոլար ներդնել նախագծի իրականացման համար:

 

«Եվրոպան առանձնակի հետաքրություն չի դրսեւորում այդ նախագծերի հարցում: Եվրոպական ոչ մի մեծ ընկերություն հետաքրքված չէ նախագծի ֆինանսավորման մեջ: Արեւմուտքում հասկանում են, որ գազի այդ ծավալը չի կարող զգալի ազդեցություն ունենալ Եվրոպայի գազային շուկայի վրա: Իսկ Իրանի' համաշխարհային էներգետիկ շուկա դուրս գալու մեծ հավանականության հետ կապված, եվրոպացիների աչքում TANAP-ի, եւ ընդհանրապես ադրբեջանական էներգառեսուրսների նշանակությունը զգալիորեն ընկել է», -ասել է նա:

 

Անդրադառնալով Ադրբեջանի նավթագազային ապագա հնարավոր եկամուտներին՝ ադրբեջանցի տնտեսագետն ասել է, որ եթե «սեւ ոսկու» գները առաջիկա 1-1,5 տարվա ընթացքում մնան ներկայիս 50-55 դոլարի, իսկ ադրբեջանական նավթը' 50 դոլարի մակարդակի վրա, ապա արդեն 2016 թվականին ադրբեջանական կառավարությունը բյուջեի ֆինանսավորման հարցում լուրջ խնդիրների առաջ կկանգնի, քանի որ նավթի գների անկումից հետո Ադրբեջանի տարեկան եկամուտներըն արդեն 5-6 մլրդ դոլարով կրճատվել են:

 

«Երկու տարի հետո Ադրբեջանի նավթային հիմնադրամում, որը հանդիսանում է պետբյուջեի հիմնական մատակարարը, փող չի մնա, քանի որ մենք արդեն սկսել ենք ծախսել հիմնադրամի ֆինանսական միջոցները: Եթե առաջիկա տարիներին նավթի գները մնան մեկ բարելի դիմաց 50-55 դոլարի մակարդակի վրա, ապա 2017 թվականի շեմին Ադրբեջանի բոլոր փողերը կվերջանան: Տնտեսական վիճակի վատթարացմանը զուգահեռ երկրում կվատանա նաեւ ներքաղաքական իրավիճակը, եւ ժամանակի ընթացքում քաղաքական ճգնաժամ կծագի», -կանխատեսել է նա:

 

Անդրադառնալով TANAP-ից ակնկալվող եկամուտներին՝ Ջաֆարլին ասել է. «Նախագծի վրա 7 մլրդ դոլարի ներդրման դիմաց Թուրքիային եւ Եվրոպային այդ գազատարով 2020 թվականին վաճառվելիք տարեկան 16 մլրդ խմ գազից Ադրբեջանի եկամուտը կարող է կազմել տարեկան 3-4 մլրդ դոլար: Դրա հետ միասին, Ադրբեջանը պետք է TAP-ում 2 մլրդ դոլար ներդնի: Առաջիկա 5 տարիներին Ադրբեջանի արտաբյուջետային ծախսերը կկազմեն ավելի քան 11-12 մլրդ դոլար: Իսկ առաջիկա 10 տարիներին այդ նախագծերից Ադրբեջանն, իրականում, ոչ մի եկամուտ էլ չի ստանալու», -ընդգծել է ադրբեջանցի տնտեսագետը: