Արդի իսլամի գաղափարախոս, հասարակական գործիչ Ֆաթուլլահ Գյուլենի շարժման դեմ պայքարի շրջանակում Թուրքիայի պետական կառույցներում մասշտաբային կադրային վերադասավորումներ են սկսվել:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Սաբահ» թերթը:

 

Ենթադրվում է, որ ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում վտարանդի Գյուլենի շարժման դեմ պայքարի շրջանակում գործնականում կփոխվեն Թուրքիայի պետական վարչությունների բոլոր ղեկավարները:

 

2014 թվականի փետրվարին թուրքական ԶԼՄ-ները տեղեկատվություն էին տարածել այն մասին, որ 2011 թվականին Ստամբուլի դատախազության կողմից Salam ահաբեկչական կազմակերպության դեմ անցկացված հակաահաբեկչական գործողության շրջանակում լսվել են ինչպես իշխող, այնպես էլ ընդդիմադիր կուսակցությունների հետ կապված մոտ 7 հազար մարդու, ինչպես նաեւ Թուրքիայի վարչապետի ընտանիքի անդամների հեռախոսազրույցները:

 

Բացի այդ, հակաահաբեկչկան գործողությունների շրջանակում լսվել են թուրքական հետախուզության ղեկավար Հաքան Ֆիդանի, երկրի վարչապետի եւ նախագահի հեռախոսազրույցները:

 

Դրանից հետո Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ, ներկայում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գյուլենին մեղադրել էր այն բանում, որ հենց նրա շարժման ներկայացուցիչներն են կանգնած հեռախոսազրույցները լսելու հետեւում:

 

Էրդողանը նշել էր, որ իր հակապետական գործունեությամբ Գյուլենի շարժումն ապացուցել է, որ հանդիսանում է ոչ թե կրոնական հոսանք, այլ քաղաքականացված եւ ապօրինի կազմակերպություն: Էրդողանը Գյուլենին կոչ էր արել չմիջամտել Թուրքիայի ներքին գործերին եւ նրան մեղադրել էր ԱՄՆ-ին պաշտպանելու մեջ:

 

Նա նաեւ հայտարարել էր, որ Գյուլենը պետք է արտահանձնվի ԱՄՆ-ից, ինչին այդ երկրի իշխանությունները հայտարարել էին արտահանելու անթույլատրելիության մասին: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ավելի վաղ հայտարարել էր, որ Անկարան ամեն հնարավոր բան կանի Գյուլենի արտահանձնման համար:

 

2013 թվականի դեկտեմբերի 17-ին Թուրքիան ցնցած կոռուպցիոն սկանդալից հետո, որով բացահայտվել էր այդ երկրի կառավարության 4 նախարարների, վարչապետի որդու, դստեր եւ փեսայի խոշոր կոռուպցիոն ապօրինությունները, Էրդողանն իրեն հավատարիմ իրավական եւ դատական համակարգերի ղեկավարներին հանձնարարել է կոծկել այդ գործը, որից հետո այդ երկրում մինչ այժմ աշխատանքից հեռացվել կամ ձերբակալվել են կոռոպցիոն սկանդալի բացահայտմանը մասնակից հազարից ավելի դատախազներ, փաստաբաններ, լրագրողներ, ոստիկանության աշխատակիցներ: Այսպես կոչված, «գյուլենականների որսը&raq uo; Թուրքիայում շարունակվում է: Միայն այս տարվա հունվարին Թուրքիայում «հակահաբեկչության դեմ պայքարի» անվան տակ իրագործված հերթական արշավների ժամանակ ձերբակալվել է եւս 19 մարդ: