Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կողմից շարունակվում է պետական կառույցներում արդի իսլամի գաղափարախոս Ֆեթուլլահ Գյուլենի նուրսիստական շարժման կողմնակիցների ջարդը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական հանրային TRT հեռուստաալիքը, ԱԶԿ առաջնորդ, երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանձնարարել է գյուլենականների կադրային զտումներ իրականացնել նա եւ Թուրքիայի ուժային կառույցներում:
Նշվում է, որ կադրային զտումներն արդեն սկսվել են Թուրքիայի 81 նահանգներից 25-ում:
Անցյալ դեկտեմբերի կեսերին Թուրքիան ցնցած կոռուպցիոն սկանդալից հետո, որով բացահայտվել են թուրքական կառավարության անդամների, այդ թվում' վարչապետի, նրա որդու, փեսայի եւ դստեր խոշոր կոռուպցիոն գործարքները, Էրդողանը հայտարարել է, որ դրա հետեւում կանգնած են Ֆեթուլլահ Գյուլենի գաղափարակից «գյուլենական համայնքի» հետեւորդները, որոնք ցանկանում են տապալել իր կառավարությունը:
Գյուլենական շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի եւ ժողովրդավարության համատեղելիություն:
Ֆեթուլլահ Գյուլենի կողմից ղեկավարվող համայնքը Թուրքիայում, Ադրբեջանում եւ մի շարք երկրներում ունի դպրոցներ, թերթեր, ֆինանսական կառույցներ, հասարական կազմակերպություններ: Թուրքական կառավարությունը որոշել է 2014 թ. սեպտեմբերից փակել գյուլենական համայնքին պատկանող բոլոր կրթական եւ հասարակական հաստատությունները: