Անկարայի գլխավոր դատախազությունը Ֆեթուլլահ Գյուլենի նկատմամբ հետաքննություն է սկսել: Ինչպես հաղորդում է թուրքական «Ռադիկալ» պարբերականը, այս մասին տեղեկացրել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Օմեր Չելիքը:
Նա ընդգծել է, որ դա «ազգային անվտանգությանը» վերաբերող հարց է: Հետաքննությունն անց է կացվում «Թուրքիայի Հանրապետությունը վերացնելու փորձ» կատարելու և «հանցավոր խմբավորում հիմնելու ու ղեկավարելու» հիմնավորմամբ:
Ֆեթուլլահ Գյուլենը «Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդն է: Այն արդի իսլամ քարոզող հզոր շարժում է, որը հարյուրավոր դպրոցներ ունի աշխարհի բազմաթիվ իսլամական երկրներում, այդ թվում' Թուրքիայում: Մինչև վերջերս այն համարվել է Էրդողանի գլխավորած ԱԶԿ< i> քաղաքական հենարանը: Շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի և ժողովրդավարության համատեղելիություն: Ֆեթուլլահ Գյուլենը 1999թվականից որպես վտարանդի բնակվում է ԱՄՆ-ում: