Արդի իսլամի գաղափարախոսության հիմնադիրներից Ֆեթուլլահ Գյուլենի' Թուրքիայում ստեղծվող քաղաքական կուսակցության հավանական առաջնորդ, պրոֆեսոր Աբդուռահման Քարսլըն հայտարարել է, որ կուսակցության անունը ոչ թե «Ժողովրդին ծառայության կուսակցություն» է լինելու' ինչպես նախապես հայտարարվել էր, այլ դրվելու է «Կենտրոն կուսակցություն»: Այս մասին Քարսլըն հայտնել է թուրք ական ԶԼՄ-ների հետ զրույցում:

 

Քարսլըն նշել է, որ արդեն 4 տարի է աշխատում են կուսակցության հիմնադրման վրա: «Բայց մեր կուսակցությունը միայն մեկ համայնքի չի պատկանում», -ասել է Քարսլըն' դրանով հասկացնել տալով, որ ինքը, իբրեւ, ոչ մի կապ չունի Ֆեթուլլահ Գյուլենի հետ:

 

Պրոֆեսորը հայտնել է, որ նորաստեղծ կուսակցության կազմում տեղ են գտնելու նաեւ Թուրքիայի ընդդիմադիր Ազգայնական շարժում (ԱՇԿ) եւ Ժողովրդահանրապետական (ԺՀԿ) կուսակցությունների ճանաչված անձինք: Նա նաեւ հավելել է, որ իրենց կուսակցությանը ցանկություն են հայտնել անդամակցել Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունից (ԱԶԿ) հեռացած տասնյակ հազարավոր մարդիկ:

 

Ֆեթուլլահ Գյուլենը 1999 թվականից բնակվում է ԱՄՆ-ում: Թուրքիայում 1997 թվականի փետրվարի 28-ի ռազմական հեղաշրջումից հետո իսլամական այս ազդեցիկ գործչի նկատմամբ սկսվեց քրեական հետապնդում, որի պատճառով էլ նա ստիպված եղավ տեղափոխվել ԱՄՆ եւ բնակություն հաստատել Փենսիլվանիա նահանգում: Գյուլենը համարվում է արդի իսլամի եւ ժողովրդավարության սինթեզը կրող ու աշխարհում Թուրքիայի ազդեցությունը ուժեղացնող անձ: Վերջին շրջանում թուրքական իշխանություններն առճակատման մեջ են գյուլենական ուժերի հետ եւ Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրում են Թուրքիան վարկաբեկ ող եւ պառակտող գործունեություն ծավալելու մեջ: