Թուրքիայում այս կամ այն քաղաքական գործչի հայ լինելու շուրջ խոսակցությունները չեն դադարում օրակարգային լինել: Այս անգամ թիրախում է հայտնվել Թուրքիայում վերջին երկու ամսվա ընթացքում ծավալված հակակոռուպցիոն սկանդալի մեղավորներից մեկը համարվող Ֆեթուլլահ Գյուլենը: Թուրքական պատմագիտական ընկերության նախկին նախագահ, թուրքական պատմության զեղծարար Յուսուֆ Հալաչօղլուի այն պնդումները, թե հայտնի իսլամական «Հիզ մեթ» շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենը հայ է, կրկին հայտնվել են օրակարգում: Ինչպես հաղորդում է թուրքական haberciniz.biz կայքը, Հալաչօղլուի խոսքերի համաձայն, Գյուլենը ծնվել է Էրզրումում' հայկական գյուղում: Թուրք պատմաբանի խոսքով, Էրզրումում 1915 թվականից հետո էլ շատ հայեր են ապրել: Անգամ հոգևորականներն առերևույթ իմամություն են արել:
Պատահական չէ, որ Ֆեթուլլահ Գյուլենի շուրջ այս խոսակցությունները ծավալվեցին հենց հակակոռուպցիոն սկանդալի և Էրդողան-Գյուլեն առճակատման ժամանակ: Այս պատմությունը առհասարակ թուրք գործիչներին հայ ներկայացնելու նախադեպը չէ: Ավելի վաղ Թուրքիայում խոսել են գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի, քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի, անգամ երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլի հայ լինելու մասին: Հաշվի առնելով Թուրքիայում հայերի նկատմամբ պետականորեն ձևավորված բացասական տրամադրությունները' պետք է նկատի ունենալ, որ բոլոր այս խոսակցությունները ժամանակին ուղղված են եղել տվյալ գործչի վարկը գցելուն: Ըստ էության, Ֆեթուլլահ Գյուլենի շուրջ բարձրացող այս աղմուկն էլ բացառություն չի կարելի համարել:
Ֆեթուլլահ Գյուլենը «Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդն է: Այն արդի իսլամ քարոզող հզոր շարժում է, որը հարյուրավոր դպրոցներ ունի աշխարհի բազմաթիվ իսլամական երկրներում, այդ թվում' Թուրքիայում: Մինչև վերջերս այն համարվել է Էրդողանի գլխավորած ԱԶ կուսակցության քաղաքական հենարանը: Շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի և ժողովրդավարության համատեղելիություն: Ֆեթուլլահ Գյուլենը, ով 1999թ. որպես վտարանդի բնակվում է ԱՄՆ-ում, մեծ ազդեցություն ունի թուրքական կառավարության և ուժ ային կառույցների վրա: Թուրքական խորհրդարանում ԱԶԿ-ի զգալի թվով պատգամավորներ համարվում են գյուլենական աղանդի հետեւորդներ: