Թուրքիայում շարունակվում են ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) անդամների հետապնդումներն ու ձերբակալությունները։ Այս մասին գրել է Ermenihaber.am-ը։
Սիրիայի Քոբանի բնակավայրի վրա կատարված հարձակումների (2014թ․) պատճառով Թուրքիայի քրդաբնակ շրջաններում տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցների և կազմակերպիչների դեմ իրականացվող հետաքննության շրջանակում Անկարայի հանրապետական գլխավոր դատախազությունը կուսակցության 82 անդամի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացրել։
Այդ թվում են HDP-ից ընտրված մեջլիսի նախկին պատգամավորներ, քաղաքապետներ, նահանգային և շրջանային կառույցների ղեկավարներ։
Դատախազության որոշմամբ սեպտեմբերի 25-ին թուրք իրավապահներն երկրի 7 նահանգներում իրականացվող համաժամանակյա գործողությունների արդյունքում ձերբակալել են Կարսի քաղաքապետ Այհան Բիլգենին, լրագրող Հաքան Գյուլսեվենին, HDP-ի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի անդամ Նազմի Գյուրին, կուսակցության կենտրոնական գործադիր խորհրդի անդամ Ջան Մեմիշին, Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության ընկերության HDP-ական անդամ Ալի Ուրքյութին, նախկին պատգամավորներ Ալթան Թանին, Փերվին Օնդերին և ուրիշների։
Այս շղթայական ձերբակալությունների կապակցությամբ հայտարարություն է արել նշյալ կուսակցությունը։ Հայտարարությունում նշվում է, որ կուսակցությունը թուրքական իշխանությունների կողմից ծրագրված այդ հարձակումներին «կուլ չի գնալու»։