Երեք տարի առաջ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը' ապրիլի 24-ին թուրքական բանակում սպանված ազգությամբ հայ զինծառայող Սեւակ Շահին Բալըքչըի գործով արդար դատավարություն անցկացնելու պահանջով ստորագրահավաք է սկսվել Թուրքիայում: Այս մասին հայտնում է թուրքական Bianet անկախ լրատվական կայքը: Նշվում է, որ ստորագրահավքը սկսվել է change.org կայքում:

 

Սեւակն սպանվել է 2011 թ. ապրիլի 24-ին իր զորամասում, խիստ կասկածելի հանգամանքներում: Նրա ընտանիքը գտնում է, որ նա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը սպանվել է միտումնավոր, ինչն էլ հանդիսանում է Ցեղասպանության շարունակությունը ներկայիս Թուրքիայում: Այժմ նրա սպանության գործը քննում է Թուրքիայի Գերագույն դատարանը: Դատախազը պնդում է, որ Սեւակի միտումնավոր սպանության վերաբերյալ փաստերը բավարար չեն:

 

Ստորագրահավաքի ակցիայի մասնակիցները պահանջուն են, որ պատժվեն Սեւակի սպանության մեջ մեղավոր բոլոր անձինք:

 

Ստորագրահավաքի հետ կապված հայտարարության մեջ ասվում է. «Գերագույն դատարանի վճռին սպաող Սեւակի ընտանիքը կարծում է, որ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը' ապրիլի 24-ին նրա սպանվելը պատահականություն չէ»:

 

Սեւակ Շահին Բալըքչըն Բաթմանի զինծառայության վայրում իր ծառայակցի կողմից սպանվել է ծառայության ավարտից 23 օր առաջ: Սպանությունից առաջ մարդասպան Քըվանչ Աղաօղլուն նրան ասել էր. «Թմբլիկ, քեզ սպանելու եմ»: Թուրքական դատարանը մարդասպան Աղաղօղլուին դատել էր «անզգուշության հետեւանքով անձի մահվան պատճառ դառնալու» մեղադրանքով եւ 4 տարի 5 ամիս ազատազրկման պատիժ սահմանել: