Թուրքիայում կալանավորվել է այն ցուցահանդեսի կազմակերպիչը, որի ժամանակ սպանվել է Ռուսաստանի Դաշնության դեսպան Անդրեյ Կառլովը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:
Ցուցահանդեսի կազմակերպիչ Մուստաֆա Թիմուր Օզքանի դեմ առաջադրվել է «ծրագրված մարդասպանությանը մասնակցելու» մեղադրանք:
ՌԴ դեսպանի սպանության գործով ներկայում կալանավորված է հինգ անձ, որոնցից երեքը ոստիկաններ են:
Անկարայում Ժամանակակից արվեստների պատկերասրահում, ուր տեղի էր ունենում «Ռուսաստանը թուրքերի աչքերով» ֆոտոցուցահանդեսի բացումը, 2016 թվականի դեկտեմբերի 19-ին 22-ամյա թուրք Մևլութ Մերթ Ալթընթաշը թիկունքից կրակել էր Թուրքիայում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կառլովի վրա, ով մահացել է: Մարդասպանը չեզոքացվել և սպանվել էր թուրք իրավապահների կողմից:
Թուրքական կողմը հայտարարել էր Ալթընթաշի՝ գյուլենականների հետ առնչություն ունենալու մասին: