Թուրքիայում արգելվել է ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործի հետաքննության լուսաբանումը լրատվամիջոցներով: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Անկարայի դատարանի որոշմամբ' սպանության լուսաբանումը կարգելվի մինչև հետաքննության ավարտը: Որոշումը պայմանավորված է «ազգային անվտանգությունն ապահովելու և հասարակական կարգը պահպանելու անհրաժեշտությամբ»:
Անկարայում Ժամանակակից արվեստների պատկերասրահում, ուր տեղի էր ունենում «Ռուսաստանը թուրքերի աչքերով» ֆոտոցուցահանդեսի բացումը, դեկտեմբերի 19-ին 22-ամյա թուրք Մևլութ Մերթ Ալթընթաշը թիկունքից կրակել է Թուրքիայում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կառլովի վրա, ով մահացել է: Մարդասպանը վանկարկել է «Ալլահ-ու աքբար» («Աստված մեծ է»), «Հալեպը չենք մոռանա» և այլն։ Նա չեզոքացվել և սպանվել է թուրք իրավապահների կողմից: