Չինաստանում դատախազությունը պաշտոնական մեղադրանքներ Է առաջադրել երկրի կոմկուսի կենտկոմի քաղբյուրոյի մշտական կոմիտեի նախկին անդամ, ՉԺՀ-ի հանրային անվտանգության նախկին նախարար Չժոու Յունկանին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Սինհուա» գործակալությունը:

 

Նրա տվյալներով՝ քաղաքական գործիչը «մեղադրվում Է կոռուպցիայի, ծառայողական լիազորությունները վերազանցելու, ինչպես նաեւ պետական գաղտնիքը միտումնավոր հրապարակելու մեջ»:

 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Չժոու Յունկանը ՉԺՀ-ի կուսակցական ու պետական առավել բարձրաստիճան գործիչն Է, որի նկատմամբ հետաքննություն Է սկսվել վերջին տասնամյակում: 2014 թվականի դեկտեմբերի 5-ին հայտարարվել Էր Չժոու Յունկանին կուսակցությունից հեռացնելու եւ նրա ձերբակալման մասին, իսկ այս տարվա հունվարին նրա գործը հանձնվել Էր դատական մարմիններին:

 

Արեւմտյան ԶԼՄ-ների տվյալներով՝ Չժու Յունկանի նկատմամբ հետաքննության շրջանակներում կալանավորվել, հարցաքննվել կամ կալանքի տակ Է վերցվել ավելի քան 300 մարդ, ներառյալ նրա ընտանիքի անդամները, ընկերները, քաղաքական զինակիցները եւ գործընկերները: Այս գործի շրջանակներում իշխանություները կալանք են դրել կամ բռնագրավել են 90 մլրդ յուան (մոտավորապես 14,5 մլրդ դոլար) ընդհանուր արժողությամբ ունեցվածք: