Չինաստանում դատախազությունը պաշտոնական մեղադրանքներ է առաջադրել երկրի կոմկուսի կենտկոմի քաղբյուրոյի մշտական կոմիտեի նախկին անդամ, ՉԺՀ-ի հանրային անվտանգության նախկին նախարար Չժոու Յունկանին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է «Սինհուա» գործակալությունը:

 

 

Նրա տվյալներով՝ քաղաքական գործիչը «մեղադրվում է կոռուպցիայի, ծառայողական լիազորությունները վերազանցելու, ինչպես նաև պետական գաղտնիքը միտումնավոր հրապարակելու մեջ»:

 

 

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, Չժոու Յունկանը ՉԺՀ-ի կուսակցական ու պետական առավել բարձրաստիճան գործիչն է, որի նկատմամբ հետաքննություն է սկսվել վերջին տասնամյակում: 2014 թվականի դեկտեմբերի 5-ին հայտարարվել էր Չժոու Յունկանին կուսակցությունից հեռացնելու և նրա ձերբակալման մասին, իսկ այս տարվա հունվարին նրա գործը հանձնվել էր դատական մարմիններին:

 

 

Արևմտյան ԶԼՄ-ների տվյալներով՝ Չժու Յունկանի նկատմամբ հետաքննության շրջանակներում կալանավորվել, հարցաքննվել կամ կալանքի տակ է վերցվել ավելի քան 300 մարդ, ներառյալ նրա ընտանիքի անդամները, ընկերները, քաղաքական զինակիցները և գործընկերները: Այս գործի շրջանակներում իշխանություները կալանք են դրել կամ բռնագրավել են 90 մլրդ յուան (մոտավորապես 14,5 մլրդ դոլար) ընդհանուր արժողությամբ ունեցվածք: