Հրանտ Դինքի սպանության գործի վերանայման շրջանակում Թուրքիայում ձերբակալվել է Ջիզրեի ոստիկանապետ Էրջան Դեմիրը, ով հանցագործության ժամանակաշրջանում եղել է Տրապիզոնի ոստիկանության հետախուզական բաժնի պետը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Ջումհուրիեթ» թերթը:
«Արմենպրես»-ն ավելի վաղ հայտնել էր, որ Դեմիրն այս շաբաթվա սկզբին հարցաքննվել է:
Հրանտ Դինքի սպանության գործը վերանայող դատավոր Ռեջեթ Ույանըքն այժմ Դեմիրի համար ձերբակալության որոշում է ընդունել' «անուշադրության պատճառով մահվան հանգեցնելու», «պաշտոնեական անփութության» մեղադրանքներով:
Հրանտ Դինքի սպանության մասին նախապես տեղեկացված լինելու և միջոցներ չձեռնարկելու մեղադրանքներով օրեր առաջ ձերբակալվել էին նաև Տրապիզոնի ոստիկանության աշխատակիցներ Մուհեթին Զենիթը և Օզքան Մումջուն:
Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին' խմբագրության առջև նրա վրա կատարված զինված հարձակման արդյունքում:
2012 թվականի հունվարի 17-ին դատարանի որոշմամբ' Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը' 22 տարվա ազատազրկման:
2014 թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը որոշում է կայացրել Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը սկսել զրոյից: Այս անգամ բոլոր ամբաստանյալներին կառաջադրվի «հանցավոր խմբավորման ստեղծման և կառավարման կամ դրանում մասնակցություն ունենալու» մեղադրանք: Բացի այդ, Դինքի սպանության ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած 9 անձանց, այդ թվում Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերահի նկատմամբ դատական գործեր հարուցելու կապակցությամբ որշումներ են ընդունվել: