Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով 18 կասկածյալների դատալսումը, որը սկսվել էր Ստամբուլի ծանր հանցագործությունների թիվ 5 դատարանում, կրկին հետաձգվել է' հետաքննության տակ գտնվող, սակայն մինչ այժմ դեռեւս չձերբակալված մեղադրյալ ոստիկան Ահմեթ Իսքենդերի դատարան չներկայանալու պատճառով: Հաջորդ դատալսումը նշանակված է հոկտեմբերի 30-ին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը:

 

«Ակոս» թերթն այդ առնչությամբ գրում է, որ դատալսումից առաջ «Հրանտի ընկերներ» կազմակերպության անդամները հավաքվել են դատարանի շենքի առաջ եւ հանդես եկել հայտարարությամբ:

 

Հայատարարության մեջ նշվել է, որ Դինքի սպանության դատավարությունը եւ ընդունած վճիռը Վճռաբեկ դատարանի կողմից չեղյալ հայտարարվելուց մեկ տարուց ավելի ժամանակ անց դատարանն այդպես էլ չի կարողանում շարունակել դատավարությունը' սպասելով, թե վերջապես երբ կձերբակալվի գործով անցնող մեղադրյալ Ահմեդ Իսքենդերը:

 

Հայտարարության մեջ ասվում է. «Ապացույցներին հակառակ' գործով անցնող 24 պետական պաշտոնյաներից միայն 8-ի նկատմամբ է դատական գործ հարուցվել: Հանցագործության ժամանակ Ստամբուլի ոստիկանությունում ծառայած այդ մարդիկ են Ստամբուլի փոխնահանգապետ Էրգյուն Գյունգորը, ոստիկանապետ Ջալալադդին Ջեռռահը, հետախուզական բաժնի պետ Ահմեդ Իլհան Գյուլերը եւ եւս 5 ոստիկաններ: Այս մարդիկ պետական պաշտոնյաների մի մասն են միայն, որոնք պետք է կանգնեն դատարանի առաջ: Կրկնում եւ զգուշացնում ենք, որ պետությունը հարկադրված է պատասխան տալ իր բոլոր թեւերով: Միայն այդ ժամանակ պետության բերանով հնչած ցավակցությունը կարող է փոքր-ինչ իմաստ ձեռք բերել: Հանուն Հրանտի եւ արդարության' մենք կանգնելու ենք այնքան ժամանակ, մինչեւ չբացահայտվեն եւ պատասխանատվության չենթարկվեն Դինքի սպանության մեջ կասկածվող բոլոր հանցագործները»:

 

Հրանտ Դինքը սպանվել է 2007 թ. հունվարի 19-ին «Ակոս» թերթի խմբագրատան առաջ: 2012 թ. հունվարի 17-ին Ստամբուլի ծանր հանցագործությունների 13-րդ դատարանը սպանությունը ծրագրելու եւ ուղղորդելու մեջ մեղավոր ճանաչված Յասին Հայալին դատապարտել է ցմահ ազատազրկման, սպանությունն իրագործած Օգյուն Սամասթին' հանցագործության պահին անչափահաս լինելու հիմնավորմամբ' 22,5 տարվա ազատազրկման: Դատական վճռում նշվել էր, որ գործով անցնող մեղադրյալները ոչ թե «ահաբեկչական զինված խմբավորման», այլ «հանցագործություն կատարելու նպատակով ստեղծված» կազմակերպության անդամներ են: Թուրքիայի Վճռաբեկ դատարանը 2013 թ. մայիսի 5-ին բեկանել է Ստամբուլի ծանր հանցագործությունների 13-րդ դատարանի ընդունած վճռի այն կետը, որում նշվել էր, որ Հրանտ Դինքի սպանության հետեւում «ահաբեկչական զինված կազմակերպություն» կանգնած չէ: