Ստամբուլի ոստիկանության հետախուզական բաժնի նախկին տնօրեն Ալի Ֆուաթ Յըլմազերը Հրանտ Դինքի սպանության հետաքննության շրջանակում որպես կասկածյալ հարցաքննության է ենթարկվում Ստամբուլի գլխավոր դատախազությունում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Սաբահ» թերթը:

 

 

Թերթը հայտնում է, որ Ալի Ֆուաթ Յըլմազերը ներկայում կալանավորված է անցյալ դեկտեմբերին Թուրքիան ցնցած կոռուպցիոն սկանդալի բացահայտման համար թուրքական կառավարության կողմից անցկացված «Զուգահեռ կառույց» գործողության շրջանակում:

 

 

Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքն սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին' խմբագրության առջեւ նրա վրա կատարված զինված հարձակման արդյունքում: Ստամբուլի գլխավոր դատախազության ահաբեկչության եւ կազմակերպված հանցավորության բաժնի դատախազ Յուսուֆ Դողանի կողմից անցկացվող հետաքննության շրջանակում հարցաքննվում են նաեւ պաշտոնյաներ: Ալի Ֆուաթ Յըլմազերը հարցաքննության համար Չաղլայանի' Ստամբուլի արդարադատության պալատ է բերվել Սիլիվրիի բանտից: Նրան հարցաքննում է հանրապետական դատախազ Յուսուֆ Հաքքը Դողանը:

 

Թուրք նախկին պաշտոնյան կասկածվում է Հրանտ Դինքի սպանությունը կազմակերպվելու մասին նախապես տեղյակ լինելու հետ մեկտեղ կանխարգելիչ միջոցներ չձեռնարկելու եւ պաշտոնեական պարտականությունները պատշաճ կերպով չկատարելու մեջ:

 

2012 թվականի հունվարի 17-ին, դատարանի որոշմամբ' Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը' 22 տարվա ազատազրկման:

 

2014 թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը որոշում է կայացրել Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը սկսել զրոյից:

 

Այս անգամ բոլոր ամբաստանյալներին կառաջադրվի «հանցավոր խմբավորման ստեղծման եւ կառավարման կամ դրանում մասնակցություն ունենալու» մեղադրանք: Բացի այդ, Դինքի սպանության ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած 9 անձանց, այդ թվում Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերահի նկատմամբ դատական գործեր հարուցելու կապակցությամբ որշումներ են ընդունվել: