Ստամբուլի Բաքըրքյոյի ծանր հանցագործությունների 8-րդ դատարանը չեղյալ է հայտարարել Հրանտ Դինքի սպանության գործով անցնող պետական պաշտոնյա 9 կասկածյալների նկատմամբ դատական հետապնդում չանցկացնելու մասին նախկինում ընդունված որոշումը: Այս մասին հայտնում է թուրքական «Ռադիկալ» թերթը:
Նշվում է, որ դատական հետապնդում չանցկացնելու մասին որոշումը չեղյալ է հայտարարվել Ստամբուլի նախկին փոխոստիկանապետ Էրգյուն Գյունգյորփի, նահանգային անվտանգության ծառայության պետ Ջալալադին Ջեռահի, Ստամբուլի հետխուզության նախկին պետ Ահմեդ Իլհան Գյուլերի եւ եւս 6 ոստիկանների նկատմամբ:
Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբան Հաքան Բաքըրջըօղլուն այդ առնչությամբ լրագրողներին ասել է, որ նոր որոշմամբ' արդեն հնարավոր կլինի դատական հայց ներկայացնել հիշյալ անձանց դեմ:
Թերթը գրում է, որ որոշումն ընդունվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Հրանտ Դիքնի սպանության գործով դատավարության գործընթացում խախտումներ հայտնաբերվելուց հետո:
Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դիքնը թուրքական ազգայնական շրջանակների կողմից սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին: Նրան սպանել են Հայոց ցեղասպանության իրողության մասին հրապարակայնորեն բարձրաձայնելու համար: