Թուրքիայի սահմանադրական դատարանը «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը խախտումներով անցկացված է ճանաչել' այդ մասին վճռում նշելով, որ «արդյունավետ հետաքննություն չի անցկացվել»: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ակոս» թերթը: Նշվում է, որ նման որոշման համար հիմք է հանդիսացել Դինքի ընտանիքի փաստաբանների անհատական բողոքները: Փաստաբաննե րը հայտնում են, որ սահմանադրական դատարանի այդ որոշումից հետո թուրքական դատախազությունը պետք է Դինքի սպանության գործով նոր' գործուն հետաքննություն սկսի:

 

Թուրքիայի սահմանադրական դատարանը Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը խախտումներով անցկացվելու մասին որոշումն ընդունել է միաձայն:

 

Մեկնաբանելով սահմանադրական դատարանի որոշումը' Դինքի ընտանիքի փաստաբաններից Հաքան Բաքըրջըօղլուն ասել է, որ Դինքի սպանության գործում ամենաանհրաժեշտ պահերից մեկն այն է, որ հասնեն ոճրագործության մեջ կասկածվող պետական պաշտոնյաների դատավարությանը, ինչը մինչ այժմ չէր հաջողվում: «Որոշումը դեռեւս չի հրապարակվել: Եթե որոշումը մեր բողոքների հիման վրա ընդունվել է' կապված Ստամբուլի ոստիկանության տնօրինության եւ փոխնահանագապետի հետ, ապա պետք է այդ մարդկանց նկատմամբ դատական հայց նախապատրաստել», -ասել է փաստաբանը:

 

Հրանտ Դինքը սպանվել է 2007 թ. հունվարի 19-ին «Ակոս» թերթի խմբագրատան առաջ: 2012 թ. հունվարի 17-ին Ստամբուլի ծանր հանցագործությունների 13-րդ դատարանը սպանությունը ծրագրելու եւ ուղղորդելու մեջ մեղավոր ճանաչված Յասին Հայալին դատապարտել է ցմահ ազատազրկման, սպանություն իրագործած Օգյուն Սամասթին' հանցագործության պահին անչափահաս լինելու հիմնավորմամբ' 22,5 տարվա ազատազրկման: Դատական վճռում նշվել էր, որ գործով անցնող մեղադրյալները ոչ թե «ահաբեկչական զինված խմբավորման», այլ «հանցագործություն կատարելու նպատակով ստեղծված» կազմակեր պության անդամներ են: Թուրքիայի Վճռաբեկ դատարանը 2013 թ. մայիսի 5-ին բեկանել է Ստամբուլի ծանր հանցագործությունների 13-րդ դատարանի ընդունած վճռի այն կետը, որում նշվել էր, որ Հրանտ Դինքի սպանության հետեւում «ահաբեկչական զինված կազմակերպություն» կանգնած չէ: