Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործի վերանայման շրջանակում ձերբակալվել է Տրապիզոնի ոստիկանության հետախուզական բաժնի նախկին պետ Ֆարուք Սարըն: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը:
Գործակալությունը հաղորդում է, որ Ֆարուք Սարըն որպես «կասկածյալ» դեկտեմբերի 24-ին հարցաքննվել է Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազության ահաբեկչության եւ կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի դատախազ Գյոքալփ Քյոքչուի կողմից:
Այն հարցին, թե ինչու նա հանցագործությունից առաջ միջոցներ չի ձեռնարկել այն կանխելու համար, թուրք նախկին պաշտոնյան պատասխանել է, որ «ինքը տեղյակ չի եղել»: 2 ժամ տեւած հարցաքննությունից հետո Թուրքիայի քրեական օրենսգրքի «դիտավորյալ սպանության մասին տեղյակ լինելու եւ միջոցներ չձեռնարկելու» հոդվածի հիման վրա Ֆարուք Սարըն ուղարկվել է Ստամբուլի թիվ 2 քրեական դատարան, որտեղ խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Օրերս Ստամբուլի հանրապետական դատախազությունում Դինքի սպանության գործով դատախազ Քյոքչուին ցուցմունք են տվել նաեւ հանցագործության իրականացման ժամանակ Ստամբուլի փոխքաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Էրգյուն Գյունգորը եւ Դինքի սպանության ժամանակաշրջանում Տրապիզոնի ոստիկանապետ Ռեշաթ Ալթայը:
2004 թվականին «Ակոս»-ում հրապարակվել էր հոդված Թուրքիայի առաջին ռազմական կին օդաչու եւ Աթաթուրքի հոգեզավակ Սաբիհա Գյոքչենի հայկական ծագում ունենալու մասին, Ստամբուլի նախկին փոխքաղաքապետ Գյունգորը Հրանտ Դինքին կանչել էր իր մոտ: Հանդիպման ժամանակ նա սպառնացել էր Դինքին' նշելով, որ կարող է թիրախ դառնալ ազգայնականների համար, եւ ինչպես հանդիպումից հետո բնորոշել էր հենց ինքը' Դինքը, «փորձել էր ցույց տալ իր տեղը»:
Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին' «Ակոս»-ի խմբագրության առջեւ նրա վրա կատարված զինված հարձակման արդյունքում:
2012 թվականի հունվարի 17-ին, դատարանի որոշմամբ' Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը' 22 տարվա ազատազրկման:
2014 թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը որոշում է կայացրել Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը սկսել զրոյից: Այս անգամ բոլոր ամբաստանյալներին կառաջադրվի «հանցավոր խմբավորման ստեղծման եւ կառավարման կամ դրանում մասնակցություն ունենալու» մեղադրանք:
Բացի այդ, Դինքի սպանության ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած 9 անձանց, այդ թվում' Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերահի նկատմամբ դատական գործեր հարուցելու կապակցությամբ որշումներ են ընդունվել: