Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով հարցաքննության է կանչվել Տրապիզոնի այն ժամանակվա անվտանգության վարչության ղեկավար Ռեշաթ Ալթայը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demkrathaber.net-ը: Ալթայն առաջիկա շաբաթվա ընթացքում ներկայանալու է Ստամբուլի Չաղլայան արդարադատության պալատ և համապատասխան ցուցմունք է տալու: Հաղորդվում է նաև, որ հարցաքննության են կանչվելու ազատ արձակված Էրհան Թունջելը և բանտում գտնվող Յասին Հայալը:

 

Թուրքական Evrensel պարբերականի հաղորդմամբ' գործը քննող Ստամբուլի ահաբեկչության և կազմակերպված հանցավորության բյուրոյի դատախազ Յուսուֆ Հաքքը Դողանը դեկտեմբերի 8-ին հարցաքննել է «կասկածյալի» կարգավիճակում գտնվող ոստիկան Բահար Թեքինին: Վերջինս հարցաքննության ժամանակ հերքել է իր դեմ ներկայացված բոլոր մեղադրանքները:

 

Բահար Թեքինը մեկն էր այն ինը պաշտոնյաներից, որոնց նկատմամբ, Թուրքիայի արդարադատության նախարարության կայացրած որոշման համաձայն, թույլատրվել էր հետաքննություն վարել:

 

Դինքի սպանության գործի վերանայման շրջանակում օրերս հարցաքննվել էր նաև հանցագործության իրագործման ժամանակաշրջանում Ստամբուլի ոստիկանության հետախուզական վարչության բաժնի ղեկավար Ալի Ֆուաթ Յըլմազերը: Վերջինս հարցաքննության ժամանակ հայտարարել էր, որ Դինքի սպանության աղբյուրը «Էրգենեկոն» գործով անցնող պաշտոնաթող գեներալ Վելի Քյուչյուքն է:

 

Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին' «Ակոս»-ի խմբագրության առջև նրա վրա կատարված զինված հարձակման արդյունքում:

 

2012 թվականի հունվարի 17-ին դատարանի որոշմամբ' Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը' 22 տարվա ազատազրկման:

 

2014 թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը որոշում է կայացրել Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը սկսել զրոյից:

 

Այս անգամ բոլոր ամբաստանյալներին կառաջադրվի «հանցավոր խմբավորման ստեղծման և կառավարման կամ դրանում մասնակցություն ունենալու» մեղադրանք: Բացի այդ, Դինքի սպանության ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած 9 անձանց, այդ թվում' Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերահի նկատմամբ դատական գործեր հարուցելու կապակցությամբ որշումներ են ընդունվել: