Պոլսահայ լրագրող, «Ակոս» պարբերականի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով հունիսի 5-ին տեղի կունենա հերթական դատական նիստը: Ինչպես հաղորդում է «Ակոս»-ը, դատական նիստից առաջ կրկին Դինքի ընկերները հավաքվել են Ստամբուլի ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանի դիմաց:


Հավաքվածները պահել են պաստառ «Հրանտի համար, արդարության համար» մակագրությամբ: Դինքի ընկերների անունից մամուլի համար հայտարարությամբ է հանդես եկել Բյուլենթ Այդընը, ով հայտնել է, որ դատական այս նիստերին տեղի կունենան լրագրող, ոստիկան վկաների լսումները: Նա ընդգծել է, որ իրենք հետևելու են, որպեսզի հանցանքի բոլոր մեղավորները ստանան արժանի պատիժ:


Դինք սպանության գործով ընդունված վերջին մեղադրական զեկույցում որպես կասկածյալ է ներգրավված 85 մարդ:


Հունիսի 5-ին սկսված նիստերը կշարունակվեն նաև հունիսի 6-ին, 8-ին և 9-ին:
Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին' խմբագրության առջև նրա վրա կատարված զինված հարձակման հետևանքով:


2012 թվականի հունվարի 17-ին դատարանի որոշմամբ' Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, իսկ սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթը' 22 տարվա ազատազրկման:


2014 թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը որոշում է կայացրել Դինքի սպանության գործով դատավարությունը սկսել զրոյից: Այս անգամ բոլոր ամբաստանյալներին առաջադրվել է «հանցավոր խմբավորման ստեղծման և կառավարման կամ դրանում մասնակցություն ունենալու» մեղադրանք: