Ստամբուլի ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանում հուլիսի 3-ին ավարտվել է պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատական նիստը: Ինչպես հաղորդում է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը, դատական գործում ներգրավված են 86 կասկածյալ, որոնցից 30-ն այս պահին կալանավորված են:
Կասկածյալների շարքում է նաև չափավոր իսլամի քարոզիչ, ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենը, ում Թուրքիայի իշխանությունները մեղադրում են երկրում 2016 թվականի հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջման փորձ նախաձեռնելու մեջ:
Որպես կասկածյալ են ներգրավված նաև հայտնի թուրք դատախազ Զեքերյա Օզը, ով փախուստի մեջ է, ինչպես նաև փակված հայտնի ընդդիմադիր «Զաման» պարբերականի գլխավոր խմբագիր Էքրեմ Դումանլըն:
Նիստի ընթացքում ընթերցվել են մեղադրականները: Դատարանում է եղել նաև մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը:
Հուլիսի 4-ին դատական նիստը շարունակվելու է:
Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին` խմբագրության առջև իր վրա կատարված զինված հարձակման հետևանքով:
2012 թվականի հունվարի 17-ին դատարանի որոշմամբ Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, իսկ սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթը` 22 տարվա ազատազրկման:
2014 թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը որոշում է կայացրել Դինքի սպանության գործով դատավարությունը սկսել զրոյից: Այս անգամ բոլոր ամբաստանյալներին առաջադրվել է «հանցավոր խմբավորման ստեղծման և կառավարման կամ դրանում մասնակցություն ունենալու» մեղադրանք: