Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով կասկածյալ Էրհան Թունջելը գիրք է հրատարակել: Ինչպես հաղորդում է թուրքական T24-ը, գիրքն ունի «Հրանտ Դինքի սպանության կուլիսները և Ամերիկայի ենիչերիները» խորագիրը:
Գրքի շնորհանդեսի ժամանակ Թունջելն ասել է, թե գրքում ներկայացված է Դինքի սպանության գործի մութ դրվագները: Նա նշել է, որ ցանկանում է դատական գործի ավարտից հետո հանդիպել Դինքի ընտանիքի անդամների հետ:
Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին' «Ակոս»-ի խմբագրության առջև նրա վրա կատարված զինված հարձակման արդյունքում: 2012 թվականի հունվարի 17-ին դատարանի որոշմամբ' Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը՝ 22 տարվա ազատազրկման:
2014 թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը որոշում է կայացրել Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը սկսել զրոյից:
Այս անգամ բոլոր ամբաստանյալներին կառաջադրվի «հանցավոր խմբավորման ստեղծման և կառավարման կամ դրանում մասնակցություն ունենալու» մեղադրանք: Բացի այդ, Դինքի սպանության ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած 9 անձանց, այդ թվում' Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերահի նկատմամբ դատական գործեր հարուցելու կապակցությամբ որոշումներ են ընդունվել: