Գյումրիում ռուս զինծառայողի մահվան գործով արդեն կասկածյալ կա: Ռուսական 102-րդ ռազմաբազայում նրան հարցաքննում են: Այս մասին Գյումրիում ռուս զինծառայողի դիակի հայտնաբերման վայրում գտնվող «Արմենպրես»-ի թղթակցին ասել է 102-րդ ռազմաբազայի պետի' անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, գնդապես Ալեքսեյ Պոլյուխովիչը: «Հայկական կողմից որևէ պահանջ չունենք»,- ասել է Պոլյուխովիչը:
Դեպքի վայրում հայտնի է դարձել, որ և մահացածը, և կասկածվողը 1995թ. ծնված պայմանագրային զինծառայողներ են:
Սպանված զինծառայողը 1995թ. մայիսի 21-ին Կրասնոյարսկում ծնված Իվան Սերգեևիչ Նովիկովն է: Նրան գտել են որովայնի հատվածում սուր կտրող-ծակող գործիքով հասցված վնասվածքներով: Դիակի կողքին անձնական իրեր' հեռախոս եւ ժամացույց են հայտնաբերվել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: