Շիրակի Մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում մեկնարկել է Հարություն Գրիգորյանի սպանության գործով դատավարությունը: Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանի եղբայր Հարություն Գրիգորյանն սպանվել էր 2014 թվականի հուլիսի 24-ին՝ Գետք գյուղի լքված անասնագոմի տարածքում: Հանցագործությունը կատարելու մեջ մեղադրվում է Շիրակի մարզի ռազմական ոստիկանության քրեական հետախուզության արդեն նախկին պետ Արման Կաթունյանը, որին՝ խանդի հողի վրա կատարած սպանության համար մեղադրանք էր առաջադրվել դիտավորյալ սպանության՝ ՀՀ ՔՕ 104 հոդվածով:

 

Ավելի ուշ, նախաքննությամբ ձեռքբերված ապացույցների հիման վրա և դատահոգեբանական ու դատահոգեբուժական փորձաքննության արդյունքում, մեղադրանքը վերաորակավորվել է՝ կուտակային հոգեբանական խիստ հուզման՝ աֆեկտի պահին կատարված հանցագործության՝ ՀՀ ՔՕ 105 հոդվածի հատկանիշով: Սա հիմք է հանդիսացել մեղադրական հոդվածի և, ինքնաբերաբար, նաև խափանման միջոցի փոփոխության: Արման Կաթունյանը, վերաորակավորման շնորհիվ, արդեն մեկ ամիս է, ինչ կալանքի տակ չի գտնվում:

 

 

Ի դեպ, ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց տուժողի իրավահաջորդի շահերի պաշտպան Թամարա Յայլոյանը, անչափ կարևոր է հանցանքի վերաորակավորման խնդիրը, որն, ըստ տուժողի իրավահաջորդի շահերի պաշտպանների, չի համապատասխանում իրականությանը՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, այդ պատճառով արարաքի վերորակավորման հարցով միջնորդություններ կներկայացվեն դատարանին: «Նման միջնորդությամբ վերջիներս հանդես են եկել նաև նախաքննության ընթացքում, որը մերժ վել է»,- լրագրողներին տեղեկացրեց Արման Կաթունյանի շահերի պաշտպան Երվանդ Վարոսյանը: Նա նաև ընդգծեց, որ փորձագետի եզրակացությունը հիմնավորված է, և արարքի վերաորակավորումը՝ ճիշտ:

 

 

Դատական այս նիստին ներկայացել էին ամբաստանյալ Արման Կաթունյանը« նրա փաստաբանները և տուժողի իրավահաջորդի շահերի պաշտպաններից մեկը՝ Թամարա Յայլոյանը: Դատական նիստին չէին ներկայացել գործով տուժողի իրավահաջորդ Նելլի Օհանյանը՝ Հարություն Գրիգորյանի կինը և նրա մյուս փաստաբանը՝ Լիպարիտ Սիմոնյանը: Նրանց բացակայությունը հաշվի առնելով՝ Թամարա Յայլոյանը միջնորդեց դատարանին հետաձգել նիստը: Դատարանի որոշմամբ՝ սույն գործով հաջորդ նիստը տեղափոխվեց հունիսի 18-ը: