Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատում քննվելիք թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքի գործով դատական նիստը մեկնարկել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազի գլխավոր խորհրդական քրիստինե Մելքոնյանը' նիստում առաջինը ելույթով հանդես է եկել Դողու Փերինչեքը: Ըստ կանոնա կարգի' հաջորդիվ ելույթներ կունենան Շվեյցարիայի' որպես պատասխանող կողմ, Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունները:
Հայկական կողմից հանդես կգան Եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը, Հայաստանի շահերը ՄԻԵԴ-ում ներկայացնող միջազգային կարգի փաստաբաններից երկուսը' Ամալ Քլունին և Ջեֆրի Ռոբերթսոնը:
2007 թվականի մարտի 9-ին շվեյցարական դատարանը Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով դատապարտել էր թուրք ազգայնական Դողու Փերինչեքին՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար' ենթարկելով ինչպես ֆինանսական, այնպես էլ քրեական պատասխանատվության: Վո կանտոնի վերաքննիչ դատարանը և Դաշնային գերագույն դատարանը մերժել էին մարտի 9-ի դատավճռի դեմ ներկայացված բողոքը:
2013 թվականի դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասու պալատը դատավճիռ է կայացրել, ըստ որի' շվեյցարական դատարանները խախտել են բողոքարկողի՝ Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը: Շվեյցարիայի արդարադատության դաշնային գրասենյակը մարտի 11-ին հաղորդել էր, որ Շվեյցարիան պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ Դողու Փերինչեքի գործը Գերագույն պալատի կողմից վերանայելու պահանջով: ՄԻԵԴ-ը գործը Գերագույն պալատ էր ուղարկել մինչև մարտի 17-ը: Օգոստոսի 25-ին Հայաստանը հայտ ներկայացրեց մասնակցելու դատավարությանը: Դատավարությանը մասնակցելու հայտ է ներկայացրել նաեւ Թուրքիան:
Շվեյցարիան առաջին պետությունն է, որ քրեականացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը' մարդկության դեմ կատարած հանցանքը հերքողների համար սահմանելով ազատազրկում եւ դրամական տուգանք: Հետագայում Շվեյցարիայի օրինակին հետեւեցին նաեւ Սլովակիան եւ Հունաստանը: Այդ երկրներում նույնպես Հայոց ցեղասպանության հերքումը պատժվում է քրեորեն: