Հայկական պատվիրակությունն արդեն Ստրասբուրգում է, նախապատրաստական աշխատանքներն ավարտված են ու հայ եւ արտասահմանցի իրավաբանների խումբը նախապատրաստվում է Հայաստանում եւ սփյուռքում մեծ հետաքրքրություն առաջացրած' Դողու Փերինչեքի գործով դատավարությանը: «Արմենպրես»-ի փոխանցամբ դատավարությունը կկայանա այսօր Երեւանի ժամանակով 12:15-ին:

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատում քննվելիք' թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքի գործի առնչությամբ միջազգային իրավունքի մասնագետները շեշտում են, որ այն կարող է նախադեպ հանդիսանալ հետագայում թեմայի առնչությամբ այլ հայցերի քննության ժամանակ: Հայաստանը որպես երրորդ երկիր դատավարությանը մասնակցելու հայտ էր ներկայացրել դեռեւս օգոստոսին: Հայաստանի շահերը ՄԻԵԴ-ում կներկայացնի հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունիի կինը՝ հանրահայտ դատապաշտպան Ամալ Ալամուդին Քլունին: Լիբանանում ծնված Ամալը Եվրոպական դատարանի գ ործերում բավական մեծ փորձ ունի: Նա մասնակցել է մի քանի խոշոր դատավարությունների, ինչպիսիք են «Վիքիլիքս»-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի պաշտպանությունը, Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի գործը, Էլգինի մարմարները Մեծ Բրիտանիայից Հունաստան վերադարձնելու դատը:

 

2007 թվականի մարտի 9-ին շվեյցարական դատարանը Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով դատապարտել էր թուրք ազգայնական Դողու Փերինչեքին՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար' ենթարկելով ինչպես ֆինանսական, այնպես էլ քրեական պատասխանատվության: Վո կանտոնի վերաքննիչ դատարանը և Դաշնային գերագույն դատարանը մերժել էին մարտի 9-ի դատավճռի դեմ ներկայացված բողոքը:

 

2013 թվականի դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասու պալատը դատավճիռ է կայացրել, ըստ որի' շվեյցարական դատարանները խախտել են բողոքարկողի՝ Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը: Շվեյցարիայի արդարադատության դաշնային գրասենյակը մարտի 11-ին հաղորդել էր, որ Շվեյցարիան պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ Դողու Փերինչեքի գործը Գերագույն պալատի կողմից վերանայելու պահանջով: ՄԻԵԴ-ը գործը Գերագույն պալատ էր ուղարկել մինչև մարտի 17-ը: Օգոստոսի 25-ին Հայաստանը հայտ ներկայացրեց մասնակցելու դատարարությանը: Դատավարությանը մասնակցելու հայտ է ներկայացրել նաեւ Թուրքիան:

 

Շվեյցարիան առաջին պետությունն է, որ քրեականացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը' մարդկության դեմ կատարած հանցանքը հերքողների համար սահմանելով ազատազրկում եւ դրամական տուգանք: Հետագայում Շվեյցարիայի օրինակին հետեւեցին նաեւ Սլովակիան եւ Հունաստանը: Այդ երկրներում նույնպես Հայոց ցեղասպանության հերքումը պատժվում է քրեորեն: