ՄԻԵԴ գերագույն պալատում «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով լսումներին հայտնի իրավապաշտպան Ամալ Քլունիի մասնակցությունը նոր հնչեղություն է հաղորդել Հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' «Chicago Tribune», «The Telegraph», «Associated Press» հայտն ի լրատվամիջոցների հունվարի 28-ի հրապարակումներում կարելի է տեսնել «Ամալ Քլունին խոսքի ազատության հարցում կեղծավորության մեջ է մեղադրում Թուրքիային», «Ամալ Քլունին միանում է Հայոց ցեղասպանության հարցով իրավաբանների թիմին» վերտառությամբ հոդվածներ: Ներկայացնելով գործի մանրամասները' բրիտանական «Chicago Tribune»-ը մեջբերում է Քլունիի խոքերն այն մասին, որ ՄԻԵԴ ստորին պալատի՝ Փերինչեքի հայցը բավարարող 2013 թվականի որոշման ամենամեծ սխալն էր, որ այն «կասկածի տակ է առնում մեկ դար առաջ հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության իրողությունը»:

 

Իսկ ֆրանսիական «France Press» լրատվական գործակալությունը նշում է, որ իրավապաշտպանը կտրուկ դատապարտել է Թուրքիային կեղծավորության մեջ' նշելով, որ «այս դատարանը շատ լավ գիտի' որքան խայտառակ է խոսքի ազատության հարցում Թուրքիայի պատմությունը»:

 

Գործի վերաբերյալ ծավալուն հոդվածով է հանդես եկել բրիտանական հեղինակավոր «The Telegraph» պարբերականը, որը հաղորդում է, որ դատապաշտպանը Թուրքիային մեղադրել է խոսքի ազատության իրավունքներում երկակի ստանդարտներ կիրառելու մեջ: Քլունին ՄԻԵԴ-ում վերահաստատել է, որ Հայաստանը չի ցանկանում սահամանափակել խոսքի ազատությունը կամ պատմական բանավեճը: «Հայաստանն այստեղ չէ բանավիճելու ընդդեմ խոսքի ազատության, ինչպես որ Թուրքիան այստեղ չէ այն պաշտպանելու համար: Այս դատարանը շատ լավ գիտի, թե որքան խայատառակ է Թուրքիայի պատմությունը խոսքի ազատության հարցում: Խոսքի ազատության գործով Դուք 224 առանձին գործ եք քննել թուրքական կառավարության դեմ»,- ասել է նա: Իրավապաշտպանն անդրադարձել է նաև թուրքահայ լրագրող Հրանտ Դինքին, ով դատապարտվել էր Թուրքիայի կողմից 1915 թվականի կոտորածները ցեղասպանություն որակելու համար և սպանվել թուրք ազգայնականների կողմից իր ազգային պատկանելության և հայացքների համար:

 

Դատավարությանն է անգամ անդրադարձել նաև ամերիկյան հայտնի «Harper’s Bazzar» նորաձևության ամսագիրը, ինչը վկայում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ դատավարությունը հասանելի է դարձել միջազգային հանրության ավելի լայն շրջանակների' նպաստելով հարցի շուրջ տեղեկացվածության բարձրացմանը:

 

Թուրք ազգայնական գործիչ «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով լսումներն ավարտվել են հունվարի 28-ի ցերեկը: Նախատեսվում է, որ դատարանը վճիռ կկայացնի 6-8 ամսվա ընթացքում: