Մարդու իրավունքների եվրոպական դատարանը համաձայնել է լսել Շվեյցարիայի կառավարության բողոքն ընդդեմ Հայոց ցեղասպանությունը ժխտող Դողու Փերինչեքի գործով ՄԻԵԴ կայացրած վճռի: Այս մասին հայտնում է Le Matin թերթը, գործն ուղարկվել է ՄԻԵԴ Գերագույն պալատ:
2007 թվականի մարտի 9-ին շվեյցարական դատարանը Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով դատապարտել էր թուրք ազգայնական Դողու Փերինչեքին՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար' ենթարկելով ինչպես ֆինանսական, այնպես էլ քրեական պատասխանատվության: Վուդիկանտոնի վերաքննիչ դատարանը և Դաշնային գերագույն դատարանը մերժել էին մարտի 9-ի դատավճռի դեմ ներկայացված բողոքը:
2013 թվականի դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքներիեվրոպական դատարանի իրավասու պալատը դատավճիռ է կայացրել, ըստ որի' շվեյցարական դատարանները խախտել են բողոքարկողի՝ Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը: Շվեյցարիայի արդարադատության դաշնային գրասենյակը մարտի 11-ին հաղորդել էր, որ Շվեյցարիան պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ Դողու Փերինչեքի գործը Գերագույն պալատի կողմից վերանայելու պահանջով: ՄԻԵԴ-ը գործը Գերագույն պալատ ուղղել էր մինչև մարտի 17-ը: Մինչ Շվեյցարիայի կողմից բողոքարկման որոշման կայացումը եվրոպական երկրների հայկական համայնքները հանդիպել են իրենց երկրներում Շվեյցարիայի դեսպաններին ու պահանջել հայց ներկայացնել ՄԻԵԴ: