Փերինչեքի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Վերին պալատի որոշումն անհամեմատ ավելի դրական է Հայաստանի համար, և որպես երրորդ կողմ գործին ՀՀ մասնակցությունը արդարացված է:
Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ ընդգծելով, որ այդ որոշումը ձեռքբերում էր հայկական կողմի համար:
«Արդարացված էր այս գործում Հայաստանի Հանրապետության մասնակցությունը՝ որպես երրորդ կողմ: Եթե Ստորին պալատի որոշման մեջ կային մեզ համար անընդունելի ձևակերպումներ, որոնք նույնիսկ կարող էին հարցականի տակ դնել Ցեղասպանության եղելությունը, ապա Վերին պալատի որոշումը մենք բարձր ենք գնահատում, որովհետև այնտեղ ներկա դատավորներից որևէ մեկը հարցականի տակ չառավ Հայոց ցեղապսանության եղելությունը»,- ընդգծեց Շարմազանովը: