Հայկական կողմը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Դողու Փերինչեքի գործի առնչությամբ կարող է քայլ ձեռնարկել միայն այն ժամանակ, եթե Շվեյցարիայի կառավարությունը վճիռը բողոքարկի եւ եթե գործն անցնի դատարանի մեծ պալատի քննությանը: «Այդ ժամանակ Հայաստանը կարող է դիմել ՄԻԵԴ եւ դառնալ կողմ: Եթե Շվեյցարիայի կառավարությունը նման քայլի չգնա, հայկական կողմը որեւէ նախաձեռնությամբ չի կարող հանդես գալ, քանի որ Փերինչեքի հարցով Հայաստանը կողմ չի հանդիսանում»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավոր Ալվինա Գյուլումյանը' հավելելով, որ հայկական կողմը որեւէ միջոցառում նախաձեռնելու հնարավորությունը բաց է թողել:

 

«Դատարանի համացանցում տեղադրվում է, թե որ գործերին են ընթացք տրվել: Այդ պահին ցանկացած պետություն հնարավորություն ունի դիմելու եւ ընդգրկվելու գործում երրորդ կողմ: Մենք այդ պահը բաց ենք թողել»,- ասաց Գյուլումյանը:

 

Գյուլումյանը չհամաձայնեց այն մտքին, որ ՄԻեԴ-ում վճիռ կայացնելով առաջնորդվել են երկակի ստանդարտների սկզբունքով: Նա հիշեցրեց, որ վճիռը մեկ հոգի չէ ընդունում: «Գնահատականի խնդիր է: Դատավորներից ոմանք այդպես են գնահատել: Ցավալի է, որ Հոլոքոսթի դեպքում մոտեցումն այլ էր, բայց դա ընդամենը չորս դատավորի տեսակետ է, որից երկուսն էլ գրել էին, որ արդյունքի հետ համաձայն են, պատճառաբանության հետ' ոչ: Այսինքն' երկու դատավորի կարծիքի հիման վրա է որոշում կայացվել: Դժբախտաբար, սա միակ բացառությունը չէ եւ հաճախ են նման որոշումներ կայացվում»,- ասաց Գյ ուլումյանը:

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար շվեյցարական դատարանի կողմից մեղավոր ճանաչված քաղաքական գործիչ, Աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքի հայցը: 2008 թվականին շվեյցարական դատարանը Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար Փերինչեքին դատապարտել էր 3 ամսվա ազատազրկման, այնուհետ ազատազրկման որոշումը դատարանը փոխարինել էր վարչական տուգանքով: Եվրադատարանը Փերինչեքի հայցի բավարարումը հիմնավորել է նրանով, որ շվեյցարական դատարանը խախտել է Եվրոպական կոնվենցիայի խոսքի ազատության վերաբերյալ 10-րդ և 7-րդ հոդվածները: