Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի գործով» վճիռը, որով պետությունը պարտավորվել է դիմումատուին վճարել 13 200 եվրո:
Մաթևոսյանի դիմումը վերաբերում է 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան իրականացված ոստիկանական գործողություններին. 2008-ի մարտի 1-ի առավոտյան բերման է ենթարկվել, մարտի 2-ից արձանագրվել է ձերբակալելու որոշումը:
Դիմումատուն պնդել է, որ իր գործով իրականացված դատաքննությունն արդար չի եղել, քանի որ իրեն չի տրվել իրեն առաջադրված մեղադրանքները վիճարկելու ողջամիտ հնարավորություն: Մասնավորապես, իրեն մեղադրելու հիմքում դրվել են բացառապես ոստիկանության երկու ծառայողների ցուցմունքները:
Կառավարությունը պնդել է, որ ոստիկանական գործողության նպատակը եղել է ոստիկանության կողմից մեկ օր առաջ ստացված տեղեկությունները ճշտելը, համաձայն որոնց՝ ցուցարարները զենք և զինամթերք են ունեցել: Այդ նպատակով ոստիկանության համապատասխան ուժերի ծառայողները, որոնք առանց որևէ պաշտպանական հանդերձանքի էին, ժամանել են Ազատության հրապարակ, որտեղ հարյուրավոր ցուցարարներ՝ զինված մետաղյա ձողերով և փայտյա մահակներով, հավաքված են եղել՝ սպասելով իրենց:
Դիմումատուն, որը ոստիկանական գործողության իրականացման ժամանակ ներկա է գտնվել Ազատության հրապարակում, վիճարկել է Կառավարության պնդումները՝ պնդելով, որ հավաքը եղել է խաղաղ, և ցուցարարներից ոչ ոք զինված չի եղել: Ոստիկանությունն է հարձակվել խաղաղ ցուցարարների վրա՝ գործադրելով անհամաչափ ուժ, որպեսզի դադարեցնի հավաքը:
Դիմումատուն պահանջել է 25 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։ Կառավարությունը վիճարկել է դիմումատուի պահանջը։
ՄԻԵԴ-ը համարում է, որ հայտնաբերված խախտումների հետևանքով դիմումատուն, անկասկած, կրել է ոչ նյութական վնաս: Արդյունքում դիմումատուին շնորհում է 13 200 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում: Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6–րդ հոդվածի 1–ին կետի խախտում՝ դիմումատուի դատաքննության՝ արդար լինելու առնչությամբ:
ՄԻԵԴ-ը մերժել է դիմումատուի՝ արդարացի հատուցման պահանջի մնացած մասը: