Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Գասպարին ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով Հայաստանի կառավարությունը պետք է 4.000 եվրո վճարի հայցվորին: Այս մասին տեղեկանում ենք ՄԻԵԴ-ի կայքից:
Հիշեցնենք՝ ակտիվիստ Վարդգես Գասպարին ձերբակալվել էր 2008-ի մարտի 1-ին: Նա մեղադրվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:
2008 թվականի մարտի1-ի առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ: Ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով 10 մարդ զոհվեց, 100-ավոր մարդիկ վիրավորվեցին:
Նշենք, որ ՄԻԵԴ-ն սկսել է հրապարակել Մարտի 1-ի գործով ներկայացված հայցերի վճիռները: