ՀՀ կառավարությունը մայիսի 14-ի նիստում որոշում ընդունեց պետական բյուջեից 160 հազար եվրո գումար հատկացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման համար: Փոխհատուցումը կտրամադրվի իրացման գոտիների բնակիչներին, ովքեր իրենց խախտված իրավունքների վերականգնման համար դիմել էին ՄԻԵԴ: «Ղարիբյանը և այլոք ընդդեմ Հայաստանի», «Բաղդասարյանը և Զարիկյանն ընդդեմ Հայաստանի» և «Ղասաբյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» գանգատներով 2014 թվականի նոյեմբերի 13-ին ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության վճիռներ էր կայացվել, որով ՀՀ պետբյուջեից ընդհանուր առմամբ պետք է վճարվի 160 հազար եվրոյին համարժեք դրամ:

 

Այս հարցը միշտ հանրային հնչեղություն է ստանում, ուստի ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հարկ է համարում որոշակի վերլուծություն ներկայացնել: «Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2010 թվականի հունվարի 1-ից մինչև 2015թ. մայիսի 1-ը Հայաստանի վերաբերյալ գործերը եղել են 31-ը, որոնց փոխհատուցման գումարը կազմել է 585 հազար 804 եվրոյին համարժեք դրամ: Համեմատության համար վերցրել ենք մի քանի երկրներ և վերլուծել նույն ժամանակահատվածը, արդյունքում՝ Հայաստանը ոչ միայն չի գտնվում վատ վիճակում, այլ բավական բարենպաստ վիճակում է ՝ ինչպես պարտված գործերի քանակով, այնպես էլ փոխհատուցած գումարի չափով»,- նշեց նախարար Մանուկյանը: Նա ասաց, որ նույն ժամանակահատվածի համեմատ' Ադրբեջանի դեմ կայացրած վճիռները 104-ն են, գումարը կազմում է 1 մլն 575 հազար եվրո, Մոլդովայի դեմ կայացվել է 179 վճիռ (գումարը' 2 մլն 578 հազար եվրոյից ավելի), Բուլղարիայի դեմ՝ 300 գործ (գումարը՝ 4 մլն եվրո), Հունգարիայի դեմ՝ 393 գործ (գումարը կազմել է 4 մլն եվրոյից ավելի): «Ս սա ցույց է տալիս, որ մեր վիճակը բարվոք է, սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է բավարարված համարենք մեր գործունեությունը, և որևէ միջոց չձեռ նարկենք իրավիճակը շտկելու համար։ Այս առումով մեր գործողությունները պետք է բազմասպեկտոր լինեն՝ օրենսդրական նախաձեռնություններ, դատական պրակտիկայի շտկում և այլն»,- նշեց Հովհաննես Մանուկյանը:

 

160 հազար եվրոյից 52 հազար եվրոյին համարժեք դրամ կհատկացվի «Ղարիբյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» վճռով, 44 հազար եվրոյին համարժեք դրամ՝ «Բաղդասարյանը և Զարիկյանցն ընդդեմ Հայաստանի» վճռով և 64 հազար եվրոյին համարժեք դրամ՝ «Ղասաբյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» վճռով սահմանված արդարացի փոխհատուցման համար: Նշված գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներն օրինական ուժի մեջ են մտել 2015 թվականի փետրվարի 13-ին: