ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ, ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանն, Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադառնալով դեկտեմբերի 12-ին ՄԻԵԴ-ի կողմից «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» և «Չիրագովն ու ուրիշներն ընդդեմ Հայաստանի» գործերով սպասվող դատավճիռներին, նշել է, որ ՄԻԵԴ-ի կողմից սպասվող որոշումները երկու ուղղություն են պարունակելու. առաջինը՝ նյութական փոխհատուցման չափ, երկրորդը՝ իրավունքների վերականգնման մեխանիզմներ: Այդ վճռով սահմանվելու է ոչ միայն երկու կողմերի փախստականների իրավունքների վերականգնման մեխանիզմների ձևաչափը, այլև լինելու է փոխհատուցման եղանակ՝ կոնկրետ գումարային արտահայտությամբ:
«Թեև վճիռը վերաբերվում է Կոնկրետ Սարգսյանին, բայց այն նախադեպային նշանակություն է ունենալու բոլոր փախստականների վրա՝ անկախ նրանից՝ այդ փախստականները ներկայացրե՞լ են հայց ՄԻԵԴ, թե՞ ոչ: Հիշեցնեմ, որ հայ փախստականների կողմից մոտ 700 հայց է ներկայացված ընդդեմ Ադրբեջանի: Բայց վճիռը պարունակում է մի դրույթ, ըստ որի վճռի կետերը տարածվում են դիմումատուի և դիմումատուի կարգավիճակում գտնվող ցանկացած անձի վրա: Դա նշանակում է, որ Բաքվից, Սումգայիթից, Շահումյանից, այդ թվում նաև Արծվաշենից մեր բոլոր փախստականների հայցերը դառնալու են քննարկման առարկա»,- ասել է Կոստանյանը։
ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այդ երկու գործերի էական տարբերությունն այն է, որ կողմերն անխուսափելիորեն որպես սուբյեկտի՝ գործ են ունենալու Արցախի Հանրապետության հետ.
«Ադրբեջանի կառավարության դեմ ներկայացված հայցերում երկու սուբյեկտներ են՝ դիմումատուն և Ադրբեջանի կառավարությունը, մեր դեպքում միայն Ադրբեջանի փախստականները և Հայաստանի կառավարությունը չեն: Մենք այստեղ անխուսափելիորեն գործ ենք ունենում երրորդ սուբյեկտի՝ Արցախի Հանրապետության հետ: Հենց սա է այս երկու գործերի ամենաէական տարբերությունը, որի մասին փաստվեց անգամ Նախարարների կոմիտեում: Անգամ միջազգային իրավունքի տեսակետից, եթե մենք ունենք թեև չճանաչված պետություն, բայց այն չի կարող անմասն մնալ իր պետության տարածքում, իր իրավազորության տարածքում գտնվող իրավունքների վերականգնման հարցերից»,-նշել է Կոստանյանը։
Շարունակելով, Կոստանյանը հավելել է, որ դատավճիռները անխուսափելիորեն ազդելու են Արցախի կարգավիճակի վրա՝ առնվազն մի քանի պատճառներով.
«Պետության ճանաչվածությունը, իրավասուբյեկտությունը ապրիորի երևույթ չէ: Մոնտեվիդեոյի 1933 թվականի կոնվենցիան սահմանում է պետության հատկանիշները, որոնք շատ պարզ են և սպառիչ՝ ժողովուրդ, մշտական տարածք, որոշակիորեն ձևավորված իշխանություն և ամենակարևորը՝ միջազգային հարաբերություններին մասնակցելու ունակություն: Եվ այն հանգամանքը, որ այսօր արդեն Արցախի Հանրապետությունը, ի դեմս իր ներկայացուցչի, ունի մասնակցություն այս գործընթացին (հիշեցնեմ, որ գարնանային նստաշրջանին Արցախի ներկայացուցիչը՝ նախագահի խորհրդականը, ելույթ ունեցավ Նախարարների կոմիտեի նիստում, ինչով մենք մեխանիկորեն առաջ մղեցինք Արցախի՝ միջազգային հարաբերություններին մասնակցելու ունակությունը) և որ հիմա Արցախը անխուսափելիորեն պետք է մասնակից լինի կատարման գործընթացին, սա արդեն մեխանիկորեն բերում է նրան, որ Արցախը լիիրավ իրականացնում է միջազգային իրավասուբյեկտություն»։
Հարցին, թե ստացվում է, որ Հայաստանը չի դառնում ՄԻԵԴ վճռի ուղիղ կատարողը, հետևաբար չկա մտավախություն, որ Հայաստանը վճիռը չկատարելու դեպքում կարող է որոշակի հետևանքներ ունենալ, Կոստանյանը նշել է, որ, ըստ էության չկա նման մտահոգության առիթ, քանի որ նախ Հայաստանը ՄԻԵԴ վճիռների կատարման առումով առաջատար երկրների մեկն է, ինչը հաստատված է Նախարարների կոմիտեի տարեկան հաշվետվությունում և հետո Հայաստանը ոչ թե հրաժարվում է վճռի կատարումից, այլ խոսում է կատարման անհնարինության մասին.
«Մենք չենք հրաժարվում, մենք հարգել և հարգում ենք ՄԻԵԴ վճիռները և ապագայում էլ այդպես ենք շարունակելու, բայց մենք ասում ենք, որ առկա են օբյեկտիվ պատճառներ, որոնք անհնարին են դարձնում ՄԻԵԴ վճռի կատարումը: Առաջինն այն է, որ պարտադիր պետք է լինեն հրադադարի կիրառման մեխանիզմներ, որովհետև վճիռ կատարել մի պետության տարածքում, որտեղ ամեն օր կրակում են, զոհվում են զինվորներ և խաղաղ բնակիչներ, անտրամաբանական է: Եվ շատ կարևորում եմ այն հանգամանքը, որ այն, ինչը ներկայացրի այստեղ, ներկայացրել եմ նաև Նախարարների կոմիտեում՝ տարեսկզբին և խնդրեցի ԵԽ անդամ բոլոր երկրներին ՝ ներկայացրեք ձեր պատկերացմամբ կատարման հնարավոր եղանակները , և ես, որպես պետություն, կկատարեմ դա: Մինչև հիմա որևէ երկրից որևէ առաջարկ չի ներկայացվել»,- նշել է Կոստանյանը։
Վերջինս հավելել է, որ մեր փախստականների իրավունքների վերականգնման հարցը լրջագույններից է և պետք է անել առավելագույնը, որ մեր բոլոր փախստականները և՛ Բաքվից, և՛ Սումգայիթից, և՛ Արծվաշենից, ստանան իրենց հասցված վնասների ամբողջական վերականգնում։