Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ հունիսի 4-ից 6-ը Ստրասբուրգում կայանալիք նիստում ԵԽ 47 անդամ պետությունների ներկայացուցիչները կքննարկեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների և վճիռների կատարման ընթացքը:
Ինչպես տեղեկանում ենք ԵԽ կայք-էջից, ի թիվս շուրջ երկու տասնյակ երկրների՝ նախատեսվում է ուսումնասիրել նաև Հայաստանին վերաբերող մեկ գործ: Մեր տարածաշրջանի երկրներից այդ ցանկում ընդգրկված են նաև Ադրբեջանը և Թուրքիան:
Ընդդեմ Հայաստանի գործերից օրակարգում ընդգկված է մայր և դուստր Նելլի Մինասյանի («առաջին դիմումատու») և Ելենա Սեմերջյանի («երկրորդ դիմումատու») կողմից բերված թիվ 27651/05 գանգատի հիման վրա գործը: ՄԻԵԴ-ը գործով վճիռ է կայացրել 2011թ. հունիսի 7-ին: Ըստ այդմ՝ հօգուտ ՀՀ քաղաքացիների Հայաստանի Հանրապետությունը պետք է վճարի 14 հազար 500 եվրո, ինչպես նաև՝ նշված գումարի վրա հաշվարկվող բոլոր տեսակի հարկերը:
ՄԻԵԴ-ի վճռի համաձայն՝ գումարը պետք է վճարվի վճիռն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում: Այդ ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պարտավորությունների չկատարման ժամանակահատվածի համար պետք է վճարվի նշված գումարի պարզ տոկոս՝ Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխառության տրամադրման առավելագույն տոկոսադրույքի չափով, գումարած՝ երեք տոկոսը:
Առաջին դիմումատուն Երևանի Փ.Բյուզանդ փողոցի 9 հասցեում սեփականության իրավունքով ունեցել է 26 ք.մ մակերոսով բնակարան: Հանրային՝ բացառիկ գերակա շահ ճանաչված Երևանի Փ.Բյուզանդ փողոցի 9 հասցեն 2004-ին իրացվել է՝ պետական կարիքների համար: Նա հրաժարվել է կառուցապատողի հետ պայմանագիր ստորագրել՝ առաջարկվող գումարի հետ համաձայն չլինելով, և դիմել է դատարան: Ներպետական բոլոր դատական ատյանները սպառելուց և վտարվելուց հետո Նելի Մինասյանը և Ելենա Սեմերջյանը դիմել են ՄԻԵԴ:
Եվրադատարանը հայցը բավարարել էր դեռևս 2009թ. սեպտեմբերի 23-ին' հաստատելով, որ «սեփականությունից զրկելը չի համապատասխանում օրինականության չափանիշներին»: Սեփականության դիմաց փոխհատուցման գումարի չափի մասին վճիռը կայացվել է 2011-ի հունիսի 7-ին: