Մարդու իրավունքների եվրոպական դատարանը չի բավարարել Լավրենտի Կիրակոսյանի հայցը' չարձանագրելով 8-րդ հոդվածի խախտում: Լավրենտի Կիրակոսյանի հայցն ուղղված էր ոստիկանության դեմ, որն իբրև թե 2004 թվականին ապօրինի խուզարկել էր նրա տունն ու հայտնաբերել փաստեր, որոնք կիրառվել էին վերջինիս դեմ դատարան ում: Սկզբում նրա դեմ վարչական վարույթ էր հարուցվել և նա 10 օրով կալանավորվել էր: Հետո նրա տունը խուզարկել էին երկու անգամ ու հայտնաբերել թմրանյութ: 2004թ. հունիսին նա դատապարտվել էր 1,5 տարվա ազատազրկման, դեկտեմբերին վաղաժամ ազատ արձակվել:
Կիրակոսյանի' ՄԻԵԴ ներկայացված հայցում նշվել է, որ նրա տան խուզարկության ժամանակ խախտվել է անձնական և ընտանեկան կյանքի, տան և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունքը' 8-րդ հոդվածը, ինչպես նաև խախտվել է արդար դատավարության իրավունքը: Համաձայն Եվրադատարանի վճռի' Կիրակոսյանի տան խուզարկման ժամանակ կատարված քայլերն ու նրա դեմ իրականացված դատավարությունը օրենքի շրջանակներում են եղել:
Եվրադատարանն իր պատմության ընթացքում քննել է Հայաստանին վերաբերող 60 դեպք, որոնցից միայն 5-ի դեպքում խախտում չի հայտաբերվել: