Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հերթական վճիռն է կայացրել ընդդեմ Հայաստանի: ԼՈւՐԵՐ.com-ը ՄԻԵԴ-ի պաշտոնական կայքից տեղեկացավ, որ Հայաստանի կառավարությունը ՀՀ քաղաքացի Կարեն Պողոսյանին՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում՝ պարտավորվում է վճարել 2410 եվրո: 

Կարեն Պողոսյանը 2009-ի նոյեմբերի 18-ին  հայց էր ներկայացրել պահանջով՝ իրեն վճարել 92 000 եվրո: Դիմումում նշված է եղել, որ տեղի է ունեցել արդար դատաքննության իրավունքի և սեփականության իրավունքի խախտում։ 

 

ՄԻԵԴ-ի կայքէջից տեղեկանում ենք, որ դիմումատուն առանց թույլտվության Երևանի արվարձաններից մեկում 1000 քմ մակերեսով հողատարածքի վրա կառուցել է 500 քմ ընդհանուր մակերեսով շինություն: Այն բաղկացած է եղել պահեստից ու անավարտ շինությունից: 2001 թվականին դիմումատուն հատուկ հայց է ներկայացրել ՀՀ առաջին ատյանի դատարան՝ պահանջելով ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել այդ շինության նկատմամբ իր սեփականության և օգտագործման իրավունքը: Ի դեպ, քաղաքացու հայցը բավարարվել է, և Անշարժ գույքի կադաստրից նրան տրվել է սեփականության վկայական: Սակայն տարիներ անց՝ 2009թ.-ին, գլխավոր դատախազի տեղակալն Առաջին ատյանի դատարանի վճռի դեմ բողոք է ներկայացրել Վերաքննիչ՝ պահանջելով մերժել դիմումատուի ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման պահանջը: Բողոքը բավարարվել է։

2018-ի մարտի 29-ին ՄԻԵԴ-ն  արձանագրել է, որ տեղի է ունեցել ՄԻԵԴ-ի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում և թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում։ ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ դիմումատուի հայցի փոխհատուցման համար Հայաստանը պարտավոր է ոչ նյութական վնասի համար Կարեն Պողոսյանին վճարել 1.000 եվրո գումարի չափով փոխհատուցում և 1.410 եվրո՝ դատական ծախսերի համար։ Ստացվում է՝ Կառավարությունը ՀՀ քաղաքացի Կարեն Պողոսյանին որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում կվճարի 2410 եվրո: