Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում նախօրեին տեղի ունեցավ «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վերաբերյալ քննարկումը։
Քննարկմանը մասնակցել են ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ, ՀՀ նախագահի խորհրդական Գևորգ Կոստանյանը, Լեռնային Ղարաբաղի նախագահի իրավական հարցերով խորհրդական Էմիլ Բաբայանը, ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը։ Քննարկումից հետո Գևորգ Կոստանյանը Եվրոպայի խորհրդում հարցազրույց է տվել Ստրասբուրգում Panorama.am-ի թղթակցին:
Հարցին, թե ինչով կարևորվեց ԵԽ նախարարների կոմիտեում առաջին անգամ «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» ՄԻԵԴ վճիռների կատարման վերաբերյալ քննարկումը, Գևորգ Կոստանյանը կարևորեց 2 փաստ․ առաջինն այն էր, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչն առաջին անգամ պաշտոնապես ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի դիրքորոշումն այս հարցի կապակցությամբ, որը ոչ միայն բովանդակային առումով էր շատ կարևոր, այլ նաև ձևի տեսակետից, որ ԼՂՀ ներկայացուցիչը ԵԽ 47 անդամ երկրների ներկայությամբ նախարարների կոմիտեի պաշտոնական նիստում դիրքորոշում հայտնեց, թե ինչպես է ԼՂՀ-ն վերաբերում այս վճիռների կատարման ընթացքին և բովանդակային տեսակետից ներկայացրեց իրենց մոտեցումները։
«Երկրորդ մասը շատ կարևոր էր հենց այդ մոտեցումների դրսևորման տեսակետից․ Արցախի Հանրապետության ներկայացուցիչը հայտնեց, որ վճռի կատարումը կարող է քննարկման առարկա դառնալ բացառապես այն դեպքում, երբ առնվազն կապահովվեն 3 պայմանների միաժամանակյա առկայություն․ առաջինն անվտանգության երաշխիքներն են Լեռնային Ղարաբաղի տարածքում, երկրորդը վստահության մթնոլորտի ձևավորումն է, որն ինքնին կարող է նպաստել անվտանգության երաշխիքների ստեղծման գաղափարին ընդհանրապես և երրորդ, որ ամենակարևորն էր՝ հետաքննության մեխանիզմների ստեղծումն է սահմանագծին։ Այս 3 պայմանների առկայության պայմաններում է միայն հնարավոր ապահովել կամ գործնականում խոսել որևէ վճռի փաստացի կատարման մասին»,-ասաց Գևորգ Կոստանյանը։
Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում այս վճիռների կատարման հնարավորությունը, Գևորգ Կոստանյանն ասաց, որ այս պահին այն բավական աղոտ է և հենց խնդիրն էլ եղել է այն, որ Եվրոպայի խորհրդին ներկայացվի մեր դիրքորոշումը, որ մենք հարգում ենք թե՛ ՄԻԵԴ-ի, թե միջազգային իրավական որևէ այլ կառույցի ակտերը՝ անկախ հանգամանքից համաձայն ենք դրանց հետ, թե ոչ։
«Սակայն չկան գործնական, ռեալ հնարավորություններ, որոնք կարող են ապահովել այդ վճիռների կատարումը։ Այս պահի դրությամբ մենք չենք կարող խոսել վճիռների կատարման մասին, այլ կարող ենք խոսել այն պայմանների մասին, որոնց առկայության դեպքում մենք պատրաստ ենք քննարկել վճիռների կատարման հնարավորության հարցը»,-ասաց Գևորգ Կոստանյանը։
«Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» վճռի իրականացման հետ կապված Ադրբեջանի դիրքորոշումը, ինչպես ասաց Գևորգ Կոստանյանը, բավական զարմանալի ու տարօրինակ է եղել ոչ միայն իր, այլ նաև մյուս պատվիրակությունների համար։
«Եթե Ադրբեջանը տևական ժամանակ դիրքորոշում է հայտնում, թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղակայված զորքերը խոչընդոտում են իր երկրի տարածքում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացմանը, ապա այսօր ԵԽ-ում Ադրբեջանը հայտարարեց, որ անգամ այն տարածքներում, որտեղ և՛ դե ֆակտո, և՛ դե յուրե տարածվում է Ադրբեջանի իշխանությունը, օրինակ Գյուլիստան գյուղի ու հարակից շրջաններում, Ադրբեջանը, ի զարմանս ինձ, հայտարարեց, որ ինքն անգամ այդ տարածքներում ի վիճակի չի ապահովել իր իշխանությունը»,-ասաց Գևորգ Կոստանյանը։
Ճշտող հարցին, թե Ադրբեջանն այսպիսով հրաժարվո՞ւմ է ՄԻԵԴ վճռի կատարումից, Գևորգ Կոստանյանն ասաց, որ Ադրբեջանը հայտարարում է, որ չունի մեխանիզմներ՝ այդ տարածքում իր իրավազորությունն իրականացնելու համար, սակայն արդեն իսկ ներկայացրել է գործողությունների ծրագիր, թե ինչպես է պատրաստվում կատարել վճիռը՝ ստեղծելով հանձնաժողով, որոնք պետք է գնահատեն հայ փախստականներին հասցված վնասի չափը, փոխհատուցման եղանակները։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում.