Հերոսաբար զոհված Գևորգ Մարգարյանը փետրվարի 27-ին կդառնար 19 տարեկան։ Գևորգի ընտանիքը, այդ թվում՝ նորածին որդին՝ Տիգրանը, այցելել էին հերոսի շիրիմին։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Գևորգի մորեղբոր աղջիկը՝ Սուսիկ Մարգարյանը։
«Փետրվարի 27.
Օրացույցային հասարակ օր, որը մեզ համար նշվեց կարմիրով` 19 տարի առաջ։
Իմ Գևը ծնվեց...
Մեր Գևը ծնվեց 19 տարի առաջ, որ հետո լիներ բոլորինը։
Հրեշտակներն իմ Գևին ուղարկեցին, որ մարդկային անարդար ու դաժան կյանքում տեսնենք, սիրենք, սովորենք բարուն, մարդու Մարդ տեսակին, անսահման նվիրմանը, սիրուն, հարգանքին, հայրենասիրությանն ու ընկերասիրությանը։
Գևս եկավ, ու մեզ շա՜տ բաներ սովորեցրեց...
Եկավ հրաշքով ու գնաց շա՜տ շուտ...
Գևս եկավ ու մնաց։
Գևս միշտ կա, որովհետև, եթե Գևս չլիներ` ոչ մեկս չէինք դիմանա...
Ամեն քայլափոխին է Գևս...
Գևիս ծնունդը միշտ նշվելու է, ու Գևս ամեն տարվա հետ` մեծանալու է։
Ծնունդդ շնորհավո՜ր, արդեն 19 տարեկան ի՛մ Գև, մե՛ր Գև, բոլորի՛ս Գև...»,- ընդգծեց Սուսիկը։
 
Արփինե Հակոբյան