«Հրապարակ» թերթը գրում է.
Հայաստանում ներքաղաքական լարվածությունն աճում է, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը շարունակվում է, եւ մարդիկ ելքեր են փնտրում այս սահմանադրաիրավական ճգնաժամից, որը ստեղծվել է գործող իխանությունների մեղքով: Հող հանձնելու, սահմանազատումների, քարտեզների ու այլ իրավական թեմաներին գումարվել է նաեւ շարժման առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանի՝ վարչապետի պաշտոնում առաջադրման խնդիրը: Գաղտնիք չէ, որ սրբազանը Հայաստանի եւ Կանադայի քաղաքացիություն ունի, այսինքն' երկքաղաքացի է, իսկ Սահմանադրությունը երկքաղաքացիություն ունեցող անձին թույլ չի տալիս առաջադրվել որպես վարչապետի թեկնածու: Թեկնածուն պետք է վերջին 4 տարին միայն ՀՀ քաղաքացի լինի: Քաղաքական դաշտում, հասարակության շրջանում կա կոնսենսուս, որ օրհասական պահին պետք է գտնել այս արգելքը շրջանցելու ուղին, եւ դրա շուրջ դիսկուսիա է ընթանում: Թեմայի շուրջ «Հրապարակը» զրուցել է ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանի հետ:
– Տիկին Գյուլումյան, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի անձի նկատմամբ վստահությունը գերակայում է, եւ կա հստակ տեսակետ, որ հենց նա էլ պետք է առաջադրվի վարչապետի թեկնածու, սակայն Սահմանադրությունը երկքաղաքացիություն ունեցող անձին թույլ չի տալիս առաջադրվել որպես վարչապետի թեկնածու: Այս առումով կա՞ արդյոք ալտերնատիվ տարբերակ:
– Սահմանադրությունն ունի ոգի եւ տառ: Եթե Սահմանադրության տառին համապատասխան նայենք, ապա, կարծեք թե, երկքաղաքացի անձը չունի նման իրավունք, քանի որ նշված է, որ կառավարության անդամը պետք է համապատասխանի պատգամավորին ներկայացված պահանջներին, այսինքն' անձը պետք է առնվազն վերջին չորս տարվա ընթացքում լինի ՀՀ քաղաքացի եւ բնակություն հաստատած լինի Հայաստանում: Այս պայմաններում մտածում ենք, որ Սահմանադրությունը թույլ չի տալիս Բագրատ սրբազանին, ուրեմն չկա հնարավորություն: Բայց եթե մենք հաշվի ենք առնում իրադրությունը, այն, որ ֆորսմաժորային իրավիճակ է, նման պայմաններում մենք պետք է Սահմանադրության մեկ այլ սկզբունքից ելնենք' իշխանությունը պատկանում է ժողովրդին: Այսինքն' եթե գործող կառավարությունը ժողովրդի ճնշմամբ է հեռանում, մտածելու առիթ է ստեղծվում: Մյուս հանգամանքը, որ պետք է հաշվի առնենք, այն է, թե ինչպիսին է միջազգային իրավական մոտեցումը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դեռ տարիներ առաջ' 2010 թվականին, քննում էր «Տանասեն ընդդեմ Մոլդովայի» գործը, որը վերաբերում էր պառլամենտում ընտրված պատգամավորի լիազորությունների չճանաչված լինելուն: Պարզվել էր, որ պատգամավորն ունի երկքաղաքացիություն' Մոլդովայի եւ Ռումինիայի: Մոլդովայում էլ կար նման արգելք, սակայն ՄԻԵԴ-ն այստեղ տեսավ խնդիր' մարդու իրավունքների տեսանկյունից: Եզրակացության մեջ նշվել էր, որ չի կարող երկքաղաքացիության պատճառով պատգամավորին մանդատից զրկելն իրավաչափ համարվել: Ես կարծում եմ, որ նման մոտեցում կարող է որդեգրվել նաեւ Հայաստանի դեպքում: Սահմանադրության հեղինակները չէին կարող կանխատեսել, որ Հայաստանում կարող էին նմանատիպ երեւույթներ լինել: Այնուամենայնիվ, ինձ թվում է' մենք գործ ունենք ժամանակավոր կառավարության հետ, որը պետք է պարզապես ունենա նպատակ՝ տվյալ իրավիճակից հանելու, նոր, արդար ընտրությունների երաշխավորը լինելով հանդերձ:
– Սրբազանը մի առիթով հայտարարեց, որ ոչ թե ինքն է դիմել Կանադայի քաղաքացիություն ստանալու համար, այլ պարզապես այն իրեն շնորհել են: Այստեղ չկա՞ վիճելի հարց:
– Անհրաժեշտություն կա ուսումնասիրելու նաեւ կանադական օրենսդրությունը: Բագրատ սրբազանին Կանադայում, եթե չեմ սխալվում, քաղաքացիություն շնորհել են: Ամեն մի երկրում այն տարբեր մոտեցումներ ունի, օրինակ, Հայաստանում կեցության հատուկ կարգավիճակ է տրվում: Հիմա այս դեպքում անձին տրվել է քաղաքացիություն, այստեղ խնդիր կա հասկանալու՝ քաղաքացի շնորհված լինելու եւ պարզապես քաղաքացի լինելու միջեւ կա՞ տարբերություն, թե՞ չկա: Մեզ համար այս պահին կարող է մտորումների տեղիք տալ իրավիճակը, ձեւավորվելիք իշխանության բնույթը, ինչպես նաեւ միջազգային իրավական մոտեցումը:
– Խոսվում է նաեւ Սահմանադրությունն այս պատճառով փոփոխելու անհրաժեշտության մասին, որ հնարավոր է այդ դրույթը հենց խորհրդարանում փոխել: Ի՞նչ կասեք այս մասին:
– Իհարկե, դա ավելի ճիշտ ճանապարհ կլինի, որպեսզի ավելի խոցելի մեկնաբանություն չլինի, չլինեն նաեւ այլ տարաբնույթ մեկնաբանություններ: Մի պառլամենտում, որը մեկ գիշերվա մեջ Սահմանադրական դատարանի վերաբերյալ փոփոխություն մտցրեց, այն դեպքում, երբ դա վերաբերում էր բացառապես Սահմանադրության 7-րդ գլխին եւ չէր կարող պառլամենտի միջոցով փոփոխվել, էլ ինչի՞ մասին կարող է խոսք լինել: Այստեղ միայն ցանկության խնդիր է: Խնդիրը միայն մեծամասնության հետ աշխատելու մեջ է: Ես չեմ կարծում, թե մեծամասնությունն ամբողջովին հակված է արդարացնելու այն ամենը, ինչ արվում է այսօր: Այնպես որ, բարդ պրոցես չէ, 2/3 ձայներ են պահանջվում: 1/3 ընդդիմությունն է, մնում է երկրորդ 1/3-ն ապահովել: Կդժվարանամ հիմա ասել, թե քանի պատգամավոր, կարծես այնքան, ինչքան պետք կլինի վարչապետի ընտրության համար:
– Իսկ վարչապետին անվստահություն հայտնելու մասին ի՞նչ կասեք: Սա որքանո՞վ կարող է արդյունավետ տարբերակ լինել:
– Հաճախ այդ պրոցեսին իմպիչմենթ են ասում, սակայն ես կարծում եմ, որ «իմպիչմենթ» բառի կիրառումն այդ դեպքում սխալ է, քանի որ այն առավել շատ վերաբերելի է ընտրված նախագահին, վարչապետինը անվստահություն հայտնելն է: Վարչապետին անվստահություն հայտնելը նույն մոտեցմամբ եմ հավանական համարում, ինչ ասացի քիչ առաջ' սահմանադրական փոփոխությունների առումով: Կա մեծամասնության հետ աշխատելու խնդիր: Ունենք այն, ինչ ունենք։