ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է որպես փոխհատուցում Գրիգոր Ոսկերչյանին վճարել 3000 եվրո, իսկ Մասիս Այվազյանին՝ 4500 եվրո: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ը տեղեկանում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կայքէջից

Գրիգոր Ոսկերչյանն ու Մասիս Այվազյանը մեղադրվում էին 2008 թվականի մարտ ամսին զանգվածային անկարգությունների հրահրման և պետական իշխանության յուրացման փորձի մեջ։ Ոսկերչյանի գործով կայացված վճռով ճանաչվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) 5-րդ հոդվածի խախտում, այն է՝ «Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք», Մասիս Այվազյանի վերաբերյալ վճռով՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի խախտում:

 

ՄԻԵԴ-ի հրապարակած վճռում նշվում է, որ անընդունելի է համարվել վերջիններիս կալանքի տակ պահելու  բավարար հիմնավորում տրամադրելուց դատարանի կողմից հրաժարվելը։ Այսպիսով՝ ՄԻԵԴ-ը ճանաչել է, որ չի եղել նրանց անազատության մեջ պահելու որևէ հիմնավորված և թույլատրելի հիմք։

Նշենք, որ Գրիգոր Ոսկերչյանը դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման, իսկ   Մասիս Այվազյանը՝ 1 տարի  6  ամիս ժամանակով: