Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն էր տարածել՝ անդրադառնալով ՄԻԵԴ-ի` «Մերջանը և մյուսներն ընդդեմ Շվեյցարիայի» գործով ընդունած հակահայկական որոշմանը, ըստ որի՝ չեղարկվել է Հայոց ցեղասպանությունը ժխտելու մեղադրանքով թուրք գործիչների դեմ Շվեյցարիայի ֆեդերալ դատարանի վճիռը:
Նշենք, որ Շվեյցարիան չի պաշտպանել 3 թուրքերի` Ալի Մերջանի, Հասսան Քեմալի և Էթեմ Կայալիի ազատ խոսքի իրավունքը, որոնց 2010-ին Շվեյցարիայի ֆեդերալ դատարանը դատապարտել էր Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Եվ, փաստորեն, ՄԻԵԴ-ն արդարացել է նրանց` պաշտպանելով խոսքի ազատության իրավունքը:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում թուրքագետ Հակոբ Չաքրյանն, անդրադառնալով ՄԻԵԴ-ի այս որոշմանը՝ նշեց, որ վերջինից ամեն ինչ կարելի է սպասել, քանի որ սա առաջին դեպքը չէ, երբ այս դատարանն արադարացում է՝ առանց որևէ հիմք ունենալու:
«ՄԻԵԴ-ը ինչպես ժամանակին արդարացրեց հայտնի թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքին` «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» աղմկահարույց գործով, նույնը տեղի ունեցավ նաև այս դեպքում: Ըստ երևույթին՝ ՄԻԵԴ-ի որոշման համար հենց Փերինչեքի գործով որոշումն է հիմք եղել: Նրան արդարացնելու իրավունք չուներ, քանի որ Շվեյցարիան ժխտողականությունը քրեականացնող օրինագիծ էր ընդունել և դատապարտել Փերինչեքին»,- ասաց Չաքրյանը՝ ավելացնելով, որ Փերինչեքն օրենքը խախտել էր Շվեյցարիայում գտնվելու ժամանակ, հետևաբար, տվյալ երկիրը, եթե ինքնիշխան է, ապա ՄԻԵԴ-ը նրա քաղաքացուն արդարացնելու որևէ իրավունք չուներ:
Սակայն, թուրքագետի խոսքով՝ պետք չէ զարմանալ ՄԻԵԴ-ի հերթական հակահայկական որոշումից. «Աստված գիտի, թե ինչ սակարկություններ են արել: Մանավանդ Հայոց ցեղասպանության հարցով Թուրքիան կարող էր սակարկություններ անել: Թեև դատարանը որևէ օգուտ դրանից չի ստանա, սակայն այն պետությունները, ովքեր կանգնած են դատարանի թիկունքում ՝ կստանան»,- նշեց նա:
Չաքրյանի կարծիքով՝ ՄԻԵԴ-ի որոշման առումով թուրքերի ցնծությունը բնական է, քանի որ Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացը որքան ողողվում էր դաշտում, այնքան թուրքական ժխտողականությունն ավելի մարտնչող և ագրեսիվ էր դառնում: Իսկ Թուրքիայի ժխտողականությունն ավելի քան 100 տարվա պատմություն ունի, որից չեն կարող հրաժարվել: Եթե Ցեղասպանությունը Թուրքիան ճանաչի և թույլ տրվի ազատ արտահայտվել և ազատորեն ուսաումնասիրել Հայոց ցեղասպանությունը, կպարզվի, որ Թուրքիայի Հանրապետության հիմնադիրները կատարյալ մարդասպաններ են:
Սոնա Հարությունյան