ԼՈւՐԵՐ.com
-ը տեղեկացավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայքէջում հրապարակվել է «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը: Ըստ դրա՝  Հայաստանի իշխանությունները պարտավորվում են որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում հայցվորին վճարել 15 600 եվրո, իսկ որպես ծախսերի փոխհատուցում՝ 5000 եվրո: 

Գործով դիմումատուն նշել է, որ 2008 թվականի մարտի 1-ին բռնության է ենթարկվել ձերբակալության ժամանակ և իր ցուցմունքների հիման վրա չի անցկացվել արդյունավետ հետաքննություն: Նա նշել է, որ իր ձերբակալությունը եղել է անօրինական, դատավարությունը չի եղել արդար, և իր դեմ ողջ քրեական գործը հիմնված է եղել միայն ոստիկանական վկայությունների վրա:

 

Նշենք, որ ՄԻԵԴ-ի վճռին անդրադարձել է նաև Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը.

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քիչ առաջ հրապարակել է Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը։ Արձանագրենք, որ ՄԻԵԴ-ն այս վճռով ուղղակի ոչնչացրել է 2008թ․-ի մարտիմեկյան դեպքերի կապակցությամբ մինչ այսօր գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանությունների կողմից հայաստանյան եւ միջազգային հանրությանը հրամցված վարկածը։ Դատարանը ճանաչել է դիմողի բոլոր իրավունքների խախտումները, որոնք ներկայացված են եղել Դատարանին։ Կառավարության բոլոր փաստարկները մերժվել են։ Այս վճռով քաղաքական զգայունության եւ կարեւորության գործերով Հայաստանում արդարադատության համակարգի գոյության վերաբերյալ պատրանքն էլ է ցրվել։ Հանգամանալից կանդրադառնամ վճռին մեկ ժամվա ընթացքում, բայց այլեւս ակնհայտ է, որ անցումային արդարադատության գործընթացի նախաձեռնումն այլեւս ոչ միայն ներքին պահանջարկի, այլ նաեւ՝ միջազային իրավունքի թելադրանք է Հայաստանի համար։ Այսօր կայացված վճռով այն փաստացի սկսվում է։ Շնորհավորում եմ բոլորիս այս վճռի կապակցությամբ։ Այն Հայաստանի արդարադատության համակարգի քաղցկեղի բուժման առաջին քայլն է լինելու»: