Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր Հայաստանի դեմ վճիռ է կայացրել: «Ավաքեմյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ը վճռել է, որ Հայաստանը Իրանի քաղաքացի Ավանես Ավաքեմյանին պետք է վճարի 3600 եվրո՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում:
Ինչպես ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Ավաքեմյանի գործով փաստաբան Հայկ Ալումյանը, Եվրոպական դատարանը կոնվենցիայի 6-րդ և 13-րդ հոդվածների խախտում է արձանագրել և գտել, որ գումար բռնագանձելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը չի կատարվել պետության կողմից մի քանի տարի:
Վեճն առաջացել էր Ավաքեմյանի և մեկ այլ քաղաքացու միջև, դատարանում վերջնական հանգուցալուծում գտել հօգուտ Ավաքեմյանի: Ի դեպ՝ դատարանը երեք անգամ հօգուտ Ավաքեմյանի է վճիռ կայացրել: Սակայն նրա օգտին կայացրած վճիռները իշխանությունները չեն իրականացրել:
Հայցվորները նաև պահանջում էին 25 հազար եվրո վճարել՝ որպես նյութական վնասի փոխհատուցում, սակայն այդ մասով դատարանը հայցը մերժել է:
Նշենք, որ Ավանես Ավաքեմյանը ՄԻԵԴ-ին հայց էր ներկայացրել դեռևս 2009 թվականին: