Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մանրամասներ ներկայացրեց Մարտի 1-ի գործի ընթացքի վերաբերյալ։
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում Հայաստանի Հանրապետության դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդման ներկայացման ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նշեց, որ տարվա ընթացքում շատ ինտենսիվ աշխատել են վարույթի հետ։
«Վճռաբեկ դատարանը գլխավոր դատախազի բողոքի հիման վրա դիմել է Սահմանադրական դատարան։ Վճռաբեկ դատարանին խնդրել ենք քննարկել, թե արդյոք վարույթ իրականացնող մարմնին դատավարական հնարավորություն կտրվի որակումը փոխելու։ Նախկին որակումը, որը Սահմանադրական դատարանը ճանաչեց հակասահմանադրական, մեզ թույլ չի տալիս, որպեսզի մենք այլ հոդվածով արարքը վերաորակենք։ Այն անձանց մասով, ովքեր միջդատական վարույթում են, իհարկե, վերաորակումը տեղի է ունեցել, բայց դատական քննության փուլում այդ գործիքակազմը չկա։ Գիտեք, որ գլխավոր դատախազի դիմումը Սահմանադրական դատարանը քննության չի առել՝ ասելով, որ դու սուբյեկտ չես և չես կարող բողոքարկել։ Հիմա սպասում ենք, թե Սահմանադրական դատարանը ինչ դիրքորոշում կհայտնի վճռաբեկ դատարանի դիմումի հիման վրա, որպեսզի հասկանանք, թե կարո՞ղ ենք արդյոք երեք պաշտոնատար անձի հետ կապված արարքը վերաորակել՝ սահմանադրական կարգի հետ կապված հանցագործությունը բերենք պաշտոնեական հանցագործությունների տիրույթ»,- ասաց գլխավոր դատախազը։
Վարդապետյանը նշեց, որ Մարտի 1-ի գործով վաղեմության ժամկետի անցման խնդիր, միևնույնն է, կառաջանա։
«Այստեղ տարբերությունն արդարացնող և ոչ արդարացնող հիմքով հետապնդման դադարեցումն է․ ուղղակի կտանք պատշաճ իրավական գնահատական և, ինչո՞ւ չէ, նաև փոխհատուցման հետ կապված հարցեր կարող ենք քննարկել, որովհետև ոչ արդարացնող հիմքով վարույթի դադարեցման դեպքում հետևանքն առաջացրած անձի նկատմամբ որոշակի այլ ընթացակարգերով հայցային պահանջներ կարող են ներկայացվել։ Սա իրավական առումով որոշակի հնարավորություններ տուժողներին տալիս է»,- ավելացրեց Վարդապետյանը։
Գլխավոր դատախազը նաև նշեց, որ վարույթից անջատվել և 2023 թվականի օգոստոսի 12-ին մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել քննչական խմբի քննիչի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ քննված վարույթը։
«Այս պահին գործը գտնվում է դատարանում, այն քննության փուլում է։ Այն ուղարկվել է դատարան, որովհետև անձը չի համաձայնել ոչ արդարացնող հիմքով հետապնդման դադարեցմանը»,- ասաց Վարդապետյանը։
Նրա խոսքով՝ շուրջ 30 գործով կայացրած մեղադրական ակտերը բեկանվել են, որոնք վերաբերվում են մարտի 1-ի իրադարձություններին մասնակցած անձանց նկատմամբ հարուցված քրեական հետապնդումներին, կայացվել են արդարացման դատական ակտեր և մասնակի արդարացում՝ մեկ անձի վերաբերյալ։
«30 գործերից 16-ով բողոքը ներկայացվել է գլխավոր դատախազության կողմից»,- նշեց Վարդապետյանը։